Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի մասին հրապարակային հայտարարվել է, կայացել է փետրվարի 12-ին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ՝ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի եւ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արցախի նախագահի խոսնակը հայտնել է, որ քննարկվել են գերիների վերադարձի, անհետ կորածների որոնումների ու այլ մարդասիրական հարցեր, ինչպես նաեւ 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածների ճակատագրերի հարցը։

Հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ադրբեջանի ենթադրյալ յոթ քաղաքացիների մնացորդներ, որոնք անհետ կորել էին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Ինչու՞ 30 տարի անց երեք արյունալի պատերազմի միջով անցած «Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները» քննարկեցին ու լուծեցին հենց այդ հարցը։

Ադրբեջանում նախատում են իրենց ղեկավարներին, որոնք հանդիպում են «հանցագործների հետ, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված»։ Շատերն ասում են, որ Ադրբեջանը պատերազմի հետեւանքով ոչինչ չի ստացել, եւ հայերը շարունակում են մնալ Ղարաբաղի տերերը։

«Սեւինջ Օսմանքըզը» հաղորդմանը տված հարցազրույցում ընդդիմադիր գործիչ Արիֆ Յունուսը մեկնաբանել է Արցախի նախագահի ու Ադրբեջանի ներկայացուցչի (կայքերից մեկը նշել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիեւի անունը) հանդիպումը։ Յունուսի կարծիքով, առաջին հարցը, որն ադրբեջանական հանրությունը չի տվել՝ «ինչպես է Ալիեւի ընտանիքը հայտնվել Շուշիում, երբ միակ ճանապարհն անցնում է Կարմիր շուկայով, որը վերահսկում են հայերը»։

«Հունվարի 15-ին Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկառուցվի Ֆիզուլիից Շուշի ճանապարհը, 10 օրից նա գնում է այնտեղ։ Նա ուղղաթիռով չի մեկնել, ոչ էլ գնացքով։ Այլ հենց այն ճանապարհով, որը վերահսկում են հայերը։ Այն ժամանակ էլ սկսվեցին բանակցությունները։ Հայերն ասացին, որ եթե Ալիեւն ազատի գերիներին, թույլ կտանք նրան մեկնել Շուշի։ Ալիեւը պետք է բաց թողներ բոլոր ռազմագերիներին, բայց բաց է թողել միայն հինգին։ Այսինքն Ալիեւը գցել է հայերին։ Ալիեւը խոսք է տվել, բայց չի պահել, նրանք էլ լրատվամիջոցներին են տվել այդ տեղեկությունը։ Եթե նա մի անգամ էլ չպահի խոսքը, այլ հարցեր էլ ջրի երես դուրս կգան», – ասել է Յունուսը։

Նա նաեւ նշել է, որ ռազմական կայազորը տեղակայված է Շուշիում, բայց այնտեղ ամեն ինչ՝ լույսը, ջուրը, հայերի ձեռքին է։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/16/621271/