2021 թվականը Հայաստանի համար շրջադարձային տարի է։ Առաջիկայում ունենք շրջադարձային քայլեր, որոնք մեր արտաքին քաղաքականության առանցքը պիտի դառնան, ԱԺ-ում հայտարարել է ԼՀ պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Այսօր արդեն հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունները պետք է ունենան անցյալի դառը փորձի գնահատականը։ Մարտի 16-ին լրանում է Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը, որը Հայաստանից կտրեց 40 հազար քառակուսի կիլոմետր՝ Կարսի մարզը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Մոսկվայի պայմանագրով առանց Հայաստանի մասնակցության Նախիջևանի ողջ տարածքը հանձնվում է Ադրբեջանի խնամատարությանը։ Այս պայմանագիրը հաճախ անվանվում է Լենին-Աթաթուրք դավադիր գործարք, քանի որ Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան կնքել են մի փաստաթուղթ, որը որպես պայմանագիր չի կարող ունենալ իրավական ուժ։
Մարտի 16-ին Լոնդոնում ստորագրվում է մեկ այլ՝ անգլո-ռուսական պայմանագիրը, որով Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանին արգելվում է իր հարևան պետությունների նկատմամբ ունենալ տարածքային հավակնություններ։ 1921 թվականի հուլիսի 4-ին և 5-ին Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ, որն, ի դեպ, չունի իրավական ուժ, քանի որ կուսակցական մարմինը չի կարող միջազգային որոշումներ կայացնել, Լեռնային Ղարաբաղն ապօրինի կերպով բռնակցվում է Ադրբեջանական ԽՍՀ-ին և որի հիման վրա 1923 թվականին ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այդ որոշմանը ադրբեջանցի կոմունիստների հետ կողմ են քվեարկում վրացի կոմունիստները, որի համար ադրբեջանցի կոմունիստները նրանց վարձահատույց կլինեն հուլիսի 7-9-ի կովկասյան բյուրոյի նիստերով՝ կողմ քվեարկելով Ախալքալաքի և Ծալկայի շրջանների բռնակցմանը վրացական ԽՍՀ-ին», ասել է նա։
«Պատմական անդրադարձս հայադավ այս պայմանագրերին՝ կնքված ուղիղ մեկ դար առաջ այս օրերին, որպես սթափեցնող կոչ եմ հնչեցնում՝ վերագնահատելու մեր ժողովրդի անցած ցավոտ ճանապարհը, վերանայելու արտաքին քաղաքական հարաբերությունները մեր հարևանների հետ։ … Այս դավադիր պայմանագրերի մասին մեր արտաքին գերատեսչությունը պարտավոր է հնչեցնել առնվազն ՄԱԿ-ի ամբիոնից։ Կոչ եմ անում կառավարությանը, ԱԳՆ-ին բոլոր հնարավոր գործիքակազմերով այս հարցերը դարձնել ժողովրդական դիվանագիտության անքննելի առաջնահերթությունը։ Համոզված եղեք, ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլ սփյուռքը աչք չի փակելու այս խնդիրների առաջ», հայտարարել է Աննա Կոստանյանը։
Վերջապես Հայաստանի խորհրդարանում հնչել է ամենակարեւոր հարցը, որը թվում է պետք է Հայաստանի օրակարգը դառնար գոնե պատերազմական օրերին, թեեւ այդպիսին պետք է լիներ վաղուց: Խնդիրն այն է, որ հայկական քաղաքական դասը կամ անտեսել, կամ չի գիտակցել այս պայմանագրի էությունն ու նշանակությունը, ինչը խանգարել է քաղաքական զարգացումները տեսնել ամբողջական տրամաբանության մեջ: Առավել եւս 2015-ից հետո, երբ Ռուսաստանը սկսեց Թուրքիայի հետ իր «նոր քաղաքականությունը», որի արդյունքը երկու պատերազմներն են Հայաստանի դեմ, Լավրովյան պլանը եւ ռուս-թուրքական ներկայիս «կարգավորումները»:
100 տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան այսպես լուծեցին իրենց գոյության հարցը, 100 տարի անց այս երկու երկրները Հայաստանի դեմ ագրեսիայի ու մասնակտման միջոցով կրկին փորձում են լուծել այդ հարցը: Այն, ինչ կատարվում է ներկայում, դա այդ պայմանագրի շարունակությունն է: Այդ երկրների գոյությունը կախված է Հայաստանից, եւ այս հանգամանքը լուրջ ռեսուրս է Հայաստանի հնարավորությունների տեսակետից:
Շատ կարեւոր է պատգամավորի ելույթում Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի հիշատակումը: Եվ ընդհանրապես, ճիշտ հարցադրում է հարեւանների հետ էական հարցերի քննարկումը: Վրաստանն, օրինակ, ստացավ ոչ միայն Ջավախքը, այլեւ Բաթումը, որը «փոխանակվեց» Արարատ լեռան եւՍուրմալուի հետ:
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ պայմանագրի ժամկետը սպառվում է՝ առանց դենոնսացիայի մասին նախազգուշացման. որեւէ կողմ իրավունք ունի համարել պայմանագիրը սպառված եւ դիմել հակառակ կողմին այդ իրողությունից բխող գործողությունների պահանջով: Մինչ այդ սպառվել էին 3 անգամ երկարացված 25-ամյա ժամկետները, որոնց սպառումից մեկ տարի առաջ կողմերը պարտավոր էին զգուշացնել պայմանագիրը չերկարացնելու իրենց ցանկության մասին: Այսպիսին է պայմանագրի մասին ռուս հետազոտողների հանրագումար կարծիքը: Միաժամանակ, մասնագետները հանգում են պայմանագրերի կից չհրապարակված արձանագրությունների գոյության մասին կարծիքին, ըստ որի բացի ժամկետներից կան եւ ուրիշ կարեւոր դրույթներ:
ԼՀ պատգամավորի ելույթն անկասկած գնահատելի է: Պետք է հույս ունենալ, որ քաղաքական շրջանակների գոնե մի մասը կգիտակցի այս խնդրի առաջնայնությունը հայկական իրավունքների ու շահերի տեսանկյունից, ներքին անիմաստ գզվռտոցների փոխարեն, որոնք ըստ էության ուղղված են ռուս-թուրքական ծրագրերի անխափան իրականացմանը: Միեւնույն ժամանակ, իրական օրակարգերի առաջադրումը Հայաստանի ներքին կյանքում միանգամից ամեն ինչ կգցի տեղը: