ezerk.am․ Թուրք էթնիկ գործոնը լայնորեն շահարկող ռուսական ղեկավարությունը ինչպես եւ 100 տարի առաջ հետապնդում է Հայաստանը որպես ինքիշխան պետական միավոր ոչնչացնելու նպատակը: Բնականաբար, թուրք ազգային սպեցիֆիկ դաշույնը երկսայրի է եւ «մեջը» ռուսի արյուն կա
Նախորդ դարասկզբից տարբերությունն այն է, որ 1921-ին Ռուսաստանը ունակ էր հանուն հայկական սպառնալիքը ոչնչացնելու կենսական նպատակի նվիրաբերել Սեւրի եւ Իրավարար վճռի ուրվագծած Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի ռուսապատկան մասի գրեթե կեսը թուրքերին առանց քեմալականների հանդեպ որեւէ երկյուղի:
Այժմ բոլորովին այլ է: XIX դարում Ղրիմում, ռուսական հովանու ներքո ծնունդ առած «պանթյուրքիզմը» անհամեմատ ավելի ամուր ձեռքերում է: Թուրանի եւ Թուրանի միասնական բանակի մասին ղազախական Թանրինյուզ գործակալությանը պատասխանելիս, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն չի թաքցրել իր մտահոգությունը:
ՌԴ Տիվա շրջանի ծնունդ, անձնագրով Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգույի ասածը ռուսերենից թարգմանվում է միանգամայն միանշանակ. Ռուսաստանում միլիոնավոր թուրք է ապրում, ինքս այդ թուրքերից եմ, Մայր Թուրքիայի հետ միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, 5000 հայ սպանել՝ էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ինչների՞դ է դա պետք, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ:
Անկեղծության առումով անգնահատելի հայտարարություն է սա, որ տարբերվում է Հայաստանը դեպի ԱՄՆ եւ ՆԱՏՕ մղող ռուսական այլ հայտարարություններից նրանով, որ պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի՝ ապագայում երկրի ղեկավարությանը հավակնող մի անձի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաեւը հանդես գալով տխրահռչակ ՀԱՊԿ վեհաժողովում, շնորհավորել էր Բաքվին՝ Արցախի ռուս-թուրքական օկուպացիան «պատմական նվաճում» անվանելով: Այս առումով, Շոյգույի համաթյուրքական, էթնիկ իմաստով լիցքավորած արտահայտությունը կրկնակի կարեւոր է Արցախում իրադարձությունների ակունքը հասկանալու համար:
Ռուս-թուրքական Էթնիկ ընդհանրությունների գործոնը Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առաջին պլան մղելը վկայում է երբեմնի «ինտերնացիոնալիստ» Մոսկվայի ճարահատությունը: Հարավային Կովկասից անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը արթնացնում է Սեւրի սարսափները եւ ստիպում գնալ ինքնասպանությամբ հղի քայլերի:
Նույն սարսափներով է առաջնորդվում նաեւ նախագահ Էրդողանը, երբ փաստարկում է Թուրքիային սպասող «Սեւրից էլ բեթար պարտադրանքներով»: Իսկ վախը ծնում է ատելություն: Այս հանգամանքը պիտի սթափեցնի բոլորիս:
Ռուսաստանի կողմից գործ ունենք ոչ միայն «Հայաստամով վճարելու», այլեւ էթնիկ թուրքականության միջոցով «Հայաստանը ոչնչացնելու» մոլագարության հետ: Դատարկ Բաղրամյանը վառ վկայությունն է այն բանի, որ ժողովուրդը սթափ է «հինգերորդ շարասյան» համբալության եւ գալիք վերադասավորությունների հանդեպ: Վերաբերմունքը 1921-ին գերության մեջ հայտնված Արարատին ու 2020-ին՝ Արցախին, որոշիչ է լինելու քաղաքական հոսանքների երանգավորումը պարզելիս: