Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսել է վարել չափազանց վտանգավոր եկեղեցական աշխարհաքաղաքականություն, news.am-ին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի ղեկավարության՝ հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը:


Դավիթ Բաբայանն առանձին անդրադարձել է Շուշիի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամի) ավերմանը: «Ադրբեջանական կողմը դա ներկայացնում է որպես ռուսական եկեղեցի եւ պնդում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Կանաչ ժամը Շուշիի հայկական ամենահին պաշտամունքային կառույցն է: Հիմա Շուշիում չկա ռուսական եկեղեցի, այն բացարձակապես այլ վայրում էր եւ կործանվել է 100 տարի առաջ: Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես անում: Առաջին հերթին, որպեսզի, իրենց կարծիքով, վատթարացնեն Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հարաբերությունները: Միանգամայն հնարավոր է, որ այս խորամանկ «նախագծով» նրանք փորձում են օգտագործել Ադրբեջանի ռուսական համայնքին՝ հեռուն գնացող նպատակներով», ասել է Դավիթ Բաբայանը:

Նա ասել է, որ Ադրբեջանը մտադիր է նաեւ վերստեղծել, այսպես կոչված, Ալբանական եկեղեցին, Թուրքիայի կողմից վերահսկվող Կոստանդնուպոլսի պատրիարքության միջոցով հասնել այս եկեղեցու ավտոկեֆալիային: Նախատեսվում է մշակութային կենտրոն հռչակել Դադիվանքը: Այս եկեղեցուն կտան Արցախի մի շարք հայտնի հայկական եկեղեցիներ: Ընդհանուր առմամբ, հստակ դիտվում է քրիստոնեական աշխարհը պառակտելու հետագիծը, ասել է Արցախի ԱԳ նախարարը:


Դավիթ Բաբայանն իհարկե չափազանցնում է քրիստոնեական աշխարհի պառակտվածության ու դրանում Բաքվի դերի մասով։ Բանն այն է, որ Արցախի պարագայում Բաքվի քայլերն ուղղորդվում եւ հովանավորվում են Մոսկվայից, Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցով՝ «ադրբեջանցիները առաջին քրիստոնյա ազգ եւ պետություն» կարգախոսի ներքո։ Նպատակը հայ հոգեւոր կենտրոնները քաղքեդոն դավանափոխության ենթարկելն է՝ «Աղվանից եկեղեցի» բացելու եւ տոմոսի համար Պոլսի Տիեզերական պատրիարքին դիմելու կոչերով։ Սա համահունչ է Հայ եկեղեցու դեմ Ռուսաստանում դարավոր հալածանքների, հայատյացության ոգուն։

Այդ քարոզն ու կոչերն արվում են ոչ միայն ռուսական պաշտոնական ԶԼՄ-ներով, այլեւ զանազան ֆորումներում, կլոր սեղանների միջոցով, ինչպիսին էր օրերս Հայաստանում ՌԴ դեսպանատանը նման սեղաններից մեկին դեսպանի ելույթը, փափուկ ուժի շրջանակում՝ «հայ եւ ռուս ինքնության նույնության» կարգախոսով։

Այդ սեղանի մասնակիցներին ընդունել էր Վեհափառ Հայրապետը եւ շնորհակալություն հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցուն եւ ՌԴ ղեկավարությանը, «հայկական պատմա-մշակութային ժառանգության պահպանման համար», միաժամանակ մտահոգություն հայտնելով ավերումների կապակցությամբ։

 Երախտագիտության ու խնդիրը մասնակի ներկայացնելու փոխարեն, պետք է հստակ մատնանշվեն խնդրի բոլոր հանգամանքները եւ պատասխանատվությունը։ Նոյեմբերի 9-ին հետեւած իրադարձություններն առանձին, իրար հետ կապ չունեցող դրվագներ չեն, այլ Մոսկվա-Բաքու-Անկարա անբողջական ծրագիր։ Հակահայ, հայկական ինքնության դեմ ուղղված ծրագրերը խափանելու համար պետք է հստակ պատասխանատվության տակ դրվեն բոլորը․ Մոսկվային «մաքրելու» մոլուցքը հենց այն է, ինչ պետք է եռյակին՝ իրենց ծրագրերն անխափան իրականացնելու համար։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/20/628812/