Ապրիլի 2-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Ռուսատանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների մասին քննարկումների ֆոնին Հայաստանի և ՌԴ նախարարների զրույցը դառնում է հետաքրքիր։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանի փրկչության դարավոր առասպելը հօդս ցնդեց, Հայաստանում սկսել են առաջանալ հարցեր այն մասին, թե ինչին է ձգտում Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում, հայտարարությունների կուլիսներում։ Սոցցանցերում մարդիկ հարցնում են, թե ինչ նենգ մտադրություններ ունի Ռուսաստանը։
Аргументы и факты թերթիմ տված հարցազրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է․ «Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք ունեն շատ ու շատ ասպեկտներ, որոնք կարող են փոխշահավետ լինել։ Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ են։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտ են բերում Հայաստանին։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է կատարվել․․․ Պուտինի անձնական դերը պատերազմի դադարեցման գործում պետք է հիշեն բոլորը»։
«Մենք ուշադիր հետևում ենք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերութուններին։ Եվ վստահ ենք, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, անհրաժեշտության դեպքում կկատարի իր պարտականությունները», ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է ամրապնդել հայ-ռուսական խմբավորումը և վերածել այն Հայաստանի անվտանգության պաշտպանության գլխավոր գործիքի։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասում է, որ Հայաստանում շատերը հիասթափություն են ապրել, որովհետև իրենց թվում էր, որ Ռուսաստանը պետք է հնարավորինս շուտ կանգնեցներ պատերազմը․ «Այժմ Ռուսաստանը մեզ պաշտպանում է պրագմատիզմից ելնելով, քաղաքականության մեջ դա սովորական բան է։ Ռուսաստանի համար այնքան էլ դրական չէ այն փաստը, որ Ղարաբաղի որոշ տարածքներ գրավված են Ադրբեջանի կողմից, բայց միևնույն ժամանակ, նա կարողացավ Ղարաբաղում տեղակայել իր զորքը։ Ի վերջո, եթե Արցախի հարցը լուծվի, ապա ռուսական զորքի կարիքը այնտեղ նույնպես չի լինի» , – նշել է Մանուկյանը։
Բաքվի որոշ փորձագետների կարծիքով, Բաքուն կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում դնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ այլ երկրների ներկայացուցիչներով համալրելու հարցը, խոչընդոտելով ռուսական ռազմաբազայի՝ Ղարաբաղում մշտական հիմունքներով տեղակայմանը։ Ի պատասխան ռուս փորձագետներն ասում են, որ Մոսկվան մյուս համանախագահների հետ կարող է դնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը նույն ձեւաչափում։