Վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետության որոշ լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացվում է <<Իրավունքի և Ազատության>> ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի` իրականությանը ոչ լիովին համապատասխանող հայտարարությունները, որոնցից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ըստ էության խոչընդոտում է նրա կողմից` խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարմանը: Հասարակության մոտ խեղաթյուրված կարծիք չձևավորվելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ <<Իրավունքի և Ազատության կենտրոն>> ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` 1954-1988թթ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65-րդ, 67-րդ և 206-րդ և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռներն ու մեղադրական եզրակացություններն իրեն տրամադրելու խնդրանքով` հանրագիտարանային բնույթի գիրք հրապարակելու նպատակով:

 Դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները չեն տրամադրվել համաձայն <<Արխիվային գործի մասին>> ՀՀ օրենքի և <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի պահանջների, քանի որ հայցվող փաստաթղթերում  առկա են նաև այլ անձանց վերաբերյալ տեղեկություն­ներ, որոնց հրապարակումն առանց նշված անձանց համաձայնության կխախտի վերջիններիս անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

              ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վերոհիշյալ հոդվածներով դատապարտված անձանց` սահմանված կարգով դիմելու դեպքում, իսկ վերջիններիս մահացած լինելու պարագայում, ժառանգների գրավոր թույլտվությամբ, տրամադրել քաղվածքներ դատավճիռներից` առանց խախտելու դրանցում նշված այլ անձանց անձնական և ընտանեկան կյանքի օրենքով պաշտպանվող գաղտնիությունը: