Ծիծեռնակաբերդ, 2015 ապրիլ 24. Վլադիմիր Պուտինը հրաժարվեց արտասանել «ցեղասպանություն» բառը |


Արցախում ռազմական համատեղ [Շոյգու, 1] օպերացիայից հետո Ռուսաստանն ու Թուրքիան 1915-ի խնդրով միասնական ճակատ են կազմել Վաշինգտոնի դեմ [Քալին, 2]: Անկախ նրանից, թե ինչ բառ է արտասանելու Ջո Բայդենը ապրիլ 24-ին, պարզ է, որ նա Թրամպ չէ: Այս պատճառով երկու երկրները հայկական խնդրով «ոտուձեռ» են ընկել արտակարգ եւ լիակատար փոխօգնության ձեւաչափով

1915-ը ժխտելու խնդրում լիակատար փոխօգնությունը նշանակում է աշխարհասփյուռ հայության եւ հայկական ազգային պետության հանդեպ անթաքույց թշնամանք: Պետք է ցավով արձանագրենք, որ 2020-ին «փրկչի» լուսապսակը մի կողմ դրած [Կլինցեւիչ, 3] ռուսական քաղաքականությունը կատարել է իր ստրատեգիական ընտրությունը նաեւ 1915-ի հարցում՝ իբրեւ հայկական դիմադրությունը կոտրելու կարեւոր բնագծի:

Ոչ մի ցեղասպանություն ո՛չ Օսմանյան կայսրության, ո՛չ էլ նախկին Ռուսական կայսրության տարածքում չի եղել: Սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը: Այն պետք է հստակ պատկերացնել: Հղումները պատգամավոր Արթուր Չիլինգարովի ջանքերով 1995-ին ՌԴ Դաշնային ժողովի ստորին պալատ՝ Պետդումայի ընդունած հայտարարությանը անիմաստ են: ՌԴ նախագահը պարտավորված չէ առաջնորդվել Դումայի հայտարարությամբ: Նախագահ Պուտինը մինչ այժմ հրաժարվում է 1915-1922թթ. իրադրաձությունները «ցեղասպանություն» որակել:

Դա դեռ ամենը չէ: Ռուսական պետության սպեցիֆիկայի բերումով երկրի նախագահի ժխտողական դիրքորոշումը տարածվում է նաեւ Ռուսաստանի ողջ գործադիր, ինչպես նաեւ դատական իշխանությունների վրա: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի մասին Մեդվեդեւի կառավարության եւ Գերագույն դատարանի 2016-ի եզրակացությունը բացասական էր [Ռուսարմինֆո, Մոսկվա, 4] եւ հիմնված ծաղրական փաստարկի վրա. քրեական հետապնդում նախատեսող օրենքի կարիքը չկա, քանի որ Ռուսաստանում ժխտողականության վերաբերյալ պետական վիճակագրության տվյալներ չկան:

Նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքին պաշտոնական եւ կիսապաշտոնական պրոպագանդայի միջոցները հեղեղված են Անկարայի եւ Բաքվի ժխտողական պնդումներով եւ դրանց երկար-բարակ խմբագրական ծամծմումներով: ՌԴ ՊԴ 1995-ի հայտարարության կամ հայկական կողմի դիրքորոշման հիշատակումը ռուսաստանյան զլմ-ների էջերին եւ եթերում չնչին է:

Սրանով ժխտման հարցը փակված կարելի էր համարել, բայց միայն Ռուսաստանի ազգային իրավասության ծիրում: Կա արեւմտահայ սփյուռքի մեծագույն հատվածը ներկայացնող ԱՄՆ դիրքորոշման խնդիրը:

Արեւմտահայ-արեւելահայ փոխազդեցության վտանգը

2019 Կոնգրեսի եւ Սենատի որոշումներից հետո հայ ժողովրդի կովկասյան հատվածը ռուս-թուրքական մահվան թակարդում պահելը բարդացել է: Նույնիսկ 2020 նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան չի կարող լիովին վստահ լինել Հայաստանի հանդեպ լիակատար վերահսկողության եւ հետեւապես՝ Կովկասում իր զինուժի քիչ թե շատ տեւական տեղակայման վրա: Այլեւս հանուն ռուսական շահերի, ինչպես Արցախում էր, հայ ժողովրդի հերթական 5000-անոց կամ ավելի զոհողությունը խիստ պրոբլեմատիկ է:

Ահա այստեղ է առաջանում ԱՄՆ դիրքորոշման հետագա խստացման դեմ Թուրքիայի հետ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին ներկայացված թուրքական չորս առարկություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը «դատապարտող միջազգային տրիբունալի որոշման բացակայությունն» էր:

Այս փաստարկը համեմատաբար նոր է եւ պատկանում է ռուսական օրենսդրությանը եւ դատական պրակտիկային: Ռուսաստանում հրեաների ցեղասպանության ժխտումը դատապարտելի է, քանի որ այն ճանաչված է Նյուրնբերգի տրիբունալի կողմից եւ ազգային օրենսդրությամբ որակվում է իբրեւ «ֆաշիզմի արդարացման քրեական հանցանք»: Հայկականը ժխտել կարելի է ազատորեն՝ միջազգային տրիբունալ չի եղել, ՌԴ ՔՕ-ում իթիհադական մարդասպաններին եւ քեմալականներին դատապարտող օրենքը մերժվել է: Ավելին՝ ցեղասպան Մուստաֆա Քեմալը հռչակվել է Ռուսաստանի մեծ բարեկամ [Պուտին, 5]:

Երկրորդ թուրքական փաստարկը՝ թե «ցեղասպանություն տերմինը շրջանառվել է 1915-ից միայն 33 տարի անց» նույնպես ծագում է Ռուսաստանից: Այն օգտագործվում է, երբ հրեաների եւ հայերի կոտորածների «տարբերությունը» գտնելու կարիք է առաջանում: Հրապարակային ասպարեզում տարբերությունը ընդգծվում է ժխտմանը զուգընթաց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում