«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ամռան տապին երիտասարդ ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ ցույցեր են անում, քաղաքական դաշտը բոլորովին վերջերս համալրած երիտասարդ «առաքյալները» միայն հայտարարություններ են տարածում եւ դրանով համարում իրենց առաքելությունը կատարած: Անցած տարեվերջին, երբ ձեւավորվեց «Առաքելություն» կուսակցությունը, երիտասարդ կուսակցականները հայտարարում էին, թե անվանումն ինքնին խոսում է իրենց նպատակների մասին, եւ բարձրագոչ խոստումներ էին շռայլում, թե ««Առաքելությունն» իր առաքելությունը տեսնում է Հայաստանում վերջին 20 տարիներին ձեւավորված անմխիթար վիճակից կամ անհուսության մղող դեգրադացիայից ելքեր որոնելու եւ առաջարկելու հարցում»: Նրանք ելքեր որոնելու ճիգեր ցուցադրեցին միայն մայիսին՝ Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն չհաղթահարեցին նվազագույն շեմը: Դրանից հետո «առաքյալների» ձայնը չի լսվում: Պարզվում է՝ երիտասարդ քաղաքական գործիչներն զբաղված են ներկուսակցական աշխատանքով: «Ինչպես նաեւ մեր ռեսուրսների սահմաններում զբաղվում ենք նաեւ հրապարակային գործունեությամբ, քաղաքի կարեւորագույն խնդիրների մասին հայտարարություն ենք տարածել, առաջարկներ ենք արել, ասուլիս տվել»,-ասում է կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը: Եթե հին կուսակցությունների համար գրասենյակներ պահելը խնդիր է, նորելուկներն այս հարցում էլ պրոբլեմ չունեն:

Վստահեցնում են՝ բոլոր մարզերում ունեն կառույցներ, անդամների թիվն էլ 2 հազարից ավելի է: Իսկ ֆինանսական հարցե՞րն ինչպես են կարգավորվում: «Կուսակցության անդամների եւ համակիրների նվիրատվությամբ»: «Լավ է, որ խնդիրներ չունեք, բայց լավ չէ, որ հներից ոչնչով չեք տարբերվում՝ հայտարարություններ տարածելով եք կուսակցության գոյությունը արդարացնում»,- մեր այս դիտարկման հետ Մեսրոպը կիսով չափ է համաձայն, բայց ասում է, որ մասնակցել են ակցիաներին: «Բացի դրանից, փորձում ենք անգամ այդ հայտարարությունները Ձեր ասած «հին» ոճով չանել, այսինքն` միայն բողոքելու փոխարեն ներկայացնում ենք նաեւ առաջարկներ խնդիրների լուծման վերաբերյալ»,-պարծեցավ «Առաքելության» վարչության անդամը` խոստանալով. «Առաջիկայում անպայման նոր մեխանիզմներով նույնպես կփորձենք հասնել մեր առաքելությանը»: