Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանում հնչել են տարբեր կարգի մեղադրանքներ, դատարկ բացահայտումներ, բայց այդպես էլ չեն հնչել հիմնական հարցերն ու պատասխաններն այն քաղաքական ջրապտույտի մասին, որի մեջ հայտնվել է անօգնական Հայաստանը։
Խորհրդարանը պետք է քաղաքական գնահատական տապատերազմին։ Ի՞նչ է կատարվել 2020 թ․ աշնանը՝ դա Հայաստանի դեմ ագրեսիա՞ էր, Արցախի մի մասի զավթում, թե՞, ինչպես Ռուսաստանում են ասում՝ «ռազմական բախում» կամ, ըստ Բաքվի, «հակահարձակողական գործոություն»։ Պատերազմի որակումից կախված են իրավական հետեւանքներն ու այն, թե ով պետք է ստորագրի խաղաղության պայամանագիրը։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքաել Մինասյանը պնդում է, որ հիմա ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապատրաստական բուռն աշխատանք։ Այդ պայմանագիրը, որի պայմաններին Նիկոլն արդեն համաձայնվել է, կփոխարինի եռակողմ հայտարարությանը, ասում է Մինասյանը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահը, մի կողմից, ներքին լսարանի համար ասում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից միջազգային լսարանի համար հայտարարում «խաղաղության պայմանագրի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ինչ-որ հարցերի մասին»։ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար խաղաղ գործընթաց է անհրաժեշտ, որը դադարեցվել է Ադրբեջանի կողմից ուժի գործադրումով, ասել է Նաղդալյանը։
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչ մակարդակում է ընթանում բանակցային գործընթացը։
Ղարաբաղյան կարգավորումը 1992 թվականից տեղի է ունենում աշխարհաքաղաքական ամենաբարձր մակարդակում։ Սա միակ հարցն է, որի շուրջ արվել են 5 համատեղ հայտարարություններ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ 2020 թվականի Արցախի պատերազմը, եռակողմ հայտարարությունը և ռուս խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան կարգավորումները իջեցրել են ավելի ցածր՝ ռուս-թուրքական, կամ եվրասիական մակարդակի։ Եվ եթե խոսքը գնում է խաղաղ կարգավորման մասին, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մակարդակի վրա է այն լինելու․ Մինսկի խմբի՞, թե ռուս-թուրքական տանդեմի։
Պատերազմից 6 ամիս անց, ապրիլի 13-ին, Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ խոսել են «հայտնի սկզբունքների և տարրերի հիմքի վրա» քաղաքական բանակցություններին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը հայտարարել է, որ Մինսկի խումբը կարող է վերսկսել իր աշխատանքը, միայն եթե դա ցանկանան Հայաստանն ու Ադրբեջանը։ Երևանից հնչում են հայտարարություններ այն մասին, որ կարգավորումը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակներում, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է բանակցությունները «եռակողմ ձևաչափով»։
Իսկ այդ ձևաչափով գործընթացներ են տեղի ունենում այսպես կոչված Եվրասիական հարթության վրա։ Լուկաշենկոյի և Ալիևի հանդիպումից հետո սկսել են խոսել ռազմագերիներին վերադարձնելու դիմաց Ադրբեջանի ԵՏՄ անդամակցելու՝ Հայաստանի կողմից համաձայնության հավանականության մասին։ Այսպիսի աշխարհաքաղաքական «սալտոն» նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր Եվրասիական միության շրջանակներում։ Ապրիլի վերջին տեղի կունենա ԵՏՄ վարչապետների Խորհրդի նիստ, և եթե Բաքուն հանաձայնվի վերադարձնել ռազմագերիներին, հնարավոր է, Հայաստանը համաձայնվի Արդբեջանի մասնակցությանը։
Այսպես Հայաստանը ղարաբաղյան կարգավորման հարցը բարձրագույն լիգայից՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդից իջեցնում է ոչ մեկի կողմից չճանաչված ռուս-թուրքական եվրասիական մակարդակ՝ դրանից բխող հետեւանքներով։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/18/635287/