Մոսկովյան Քարնեգի կենտրոնը վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Հոդվածի հեղինակ Կիրիլլ Կրիվոշեևը նշում է, որ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու ընտրություն կատարել վատի և վատագույնի միջև:
«Հայ հասարակության հիմնական պահանջն այժմ ամենևին էլ ռազմական վրեժխնդրության կամ բարեկեցության բարձրացման շարքում չէ. ոչ ոք դրան չի հավատում: Մարդիկ ցանկանում են անվտանգություն և գոնե այն տարածքների պահպանումը, որը մնացել է վերջին պատերազմից հետո»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ գերտերությունները, այդ թվում՝ Մոսկվան, կփորձեն ազդեցություն ունենալ ընտրությունների վրա:
«Մոսկվայի նպատակները ճշգրիտ նկարագրելը հեշտ չէ: Բացառված չէ, որ ՌԴ-ին բավարարի կոալիցիոն բարդ խորհրդարան՝ բաժանված երեք մասի ՝ Փաշինյանի, Քոչարյանի և մյուս բոլորի համար»,- գրում է հեղինակը:
Կրիվոշեևը հայտնում է, որ Քոչարյանի և Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցերից հետո երկուսն էլ «հաճելի բոնուս» ստացան Մոսկվայից. «Երկու թեկնածուների նկատմամբ Կրեմլի մոտեցման այս համաչափությունը հերքում է տարածված այն կարծիքը, թե Մոսկվան հոգնել է «չափազանց արևմտամետ» Փաշինյանից և սպասում է հուսալի և փորձված Քոչարյանին ասպարեզ վերադարձնելու հնարավորությանը: Ռուսաստանը ակնհայտորեն չի ցանկանում անհարկի խարխլել իր հեղինակությունը հայ հասարակության մեջ»,- ասված է հոդվածում:
Ըստ հեղինակի՝ երեք տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվեց Ռուսաստանին ապացուցել, որ կարող է լինել նրա համար հարմար գործընկեր ու չզայրացնել բազմավեկտոր քաղաքականության մասին խոսակցություններով:
«Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում հետևելու են քարոզարշավի զարգացմանը, որը նոր է սկսվում, և, հնարավորության դեպքում, օգնելու են մեկին կամ մյուսին՝ ինչպես մրցավարը խաղադաշտում»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ Հայաստանի հաջորդ ղեկավարի ընտրության հարցում մեծ է նաև հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և և մասամբ՝ Թուրքիայի վարած քաղաքականությունն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Նրա խոսքով՝ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև սահմանների ապաշրջափակման գործընթացը և այս հարցում Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումը. «Քոչարյանի իշխանության գալը կարող է զգալի խնդիրներ ստեղծել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հետ կապված, ինչը հակասում է Ադրբեջանի հետ հարաբերություններում Քոչարյանի, այսպես ասած, «բազեի» կերպարին:
Իհարկե, Արևմուտքը նույնպես դեր ունի այս բարդ սխեմայի մեջ, բայց ոչ շատ մեծ: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն դիմել են ԱՄՆ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ իրենց հուզող հարցերով: Բայց Արևմուտքը Ադրբեջանին և Հայաստանին հուզող հարցերում հնարավորություններ չունի...: Այնուամենայնիվ, մինչ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կապված են ղարաբաղյան կարգավորման եռանկյունու շրջանակներում, ոչ միայն հնամենի դաշնակիցը, այլև երդվյալ թշնամին կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա»,- նշում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի հոդվածագիրը: