ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների խնդրի ներառման հարցով ռուսական պատվիրակության քվեարկությունը եւ դրան հետեւած ռուս պատվիրակների՝ հայ ժողովրդի արժանապատվությունն անարգող «բացատրությունները» ոչ մեկի մոտ արդեն կասկած չեն հարուցում, որ Մոսկվան այդ հարցի գլխավոր ճարտարապետն է:
Լրագիրը բազմիցս անդրադարձել է հայ զինծառայողների պատանդառության հանգամանքներին: Մերոնք իրականում պատանդներ են Մոսկվա-Բաքու տանդեմի ձեռքին՝ Հայաստանում ներքին ապակայաունացման եւ քաղաքական որոշումներ պարտադրելու համար: Այդ պատանդների հաշվին է նաեւ սուլթանիկի ընտանիքը ազատորեն «ֆռֆռում» Արցախի սրբազան եզերքում:
Հատկանշական է, որ ԵԽԽՎ նույն նստաշրջանին Հայաստանը եւ Բաքուն միասնական դիրքորոշմամբ հանդես եկան Նավալնու խնդիրը դիտարկելու դեմ, ինչին էլ Մոսկվան պատասխանեց հայ զինծառայողների պատանդառությանը «տեր» կանգնելու դիրքերից:
Հայ պատանդների կյանքով շանտաժը հանդուրժելը Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետական աթոռ եւ ընդհանրապես քաղաքական կարիերա պիտի արժենա:
Մոսկվան պետք է թանկ վճարի հայ պատանդներին գերելու եւ պահելու համար: Իր բնույթով ահաբեկչություն հանդիսացող՝ պատանդառության ռուս-թուրքական քաղաքականությունը պետք է դատապարտվի ներպետական ու միջազգային ատյաններում: Հայ քաղաքական դասը, հանրությունը ընհանրապես պետք է վարժվեն իրերն իրենց անուններով հստակ կոչել:
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական ակտ է» միայն ապաքաղաքական կամ վասալ համակարգերի համար: Արցախի հարցը Հայոց ցեղասպանության խնդրի լուծման անբաժան մաս է: Այս հանգամանքն առաջին անգամ լինելով արձանագրվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ու ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններում: Սա կարեւոր մի արձանագրում է, որից Հայաստանը խնամքով խույս էր տալիս անկախության ողջ շրջանին: Դժվար չէ կռահել, թե ում «հորդորով»: