Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը կարելի է որակել որպես հիրավի պատմական աննախադեպ քայլ, առաջացրել է ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի բացասական վերաբերմունքը, այլ նաեւ վերջիններիս մի շարք դաշնակիցների, ասենք՝ Պակիստանի: Ու որքան էլ զարմանալի է, նաեւ Ռուսաստանում են Բայդենի այս պատմական քայլին վերաբերվել չափազանց սառը, կարելի է ասել՝ նաեւ բացասական: Եվ դա զգացվեց այն աստիճան, որ նույնիսկ ռուսական իշխանական եւ մերձիշխանական քարոզչամեքենայում դա երեւաց: Արցախյան պատերազմում եւ առհասարակ հայերի ու Հայաստանի հետ կապված բոլոր հարցերում հայամետ կեցվածք ունեցող, դրանով Ադրբեջանի անհուն ատելությանն արժանացած Վլադիմիր Սոլովյովի կարծիքով, օրինակ, Բայդենը Հայոց ցեղասպանության ճանաչումով սկսում է «մեծ խաղ՝ հանուն Հարավային Կովկասի»:
Կրեմլյան քարոզչության առաջամարտիկներից RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միանգամից մի քանի գրառում է կատարել: Նախ՝ չգիտես ինչու, հակադարձել է Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգներն «արդարության կողմնակից են, թող ճանաչեն Ղրիմը», ապա բավականին ընդարձակ գրառում է կատարել. «Չէին ընդունում ակնհայտը։ Չէին ճանաչում ճշմարտությունը։ Չէին ճանաչում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը։ Շատ լավ իմանալով, որ այդ ողբերգությունը եղել էր։ Որովհետեւ այդպիսին էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Կոնյունկտուրան ավելի կարեւոր էր, քան տարրական արժանապատվությունը եւ տարրական արդարությունը։ Եվ հիմա Բայդենը ճանաչեց։ Տանն ուրախություն է։ Նա ճանաչել է ոչ այն պատճառով, որ ճշմարտության կողմնակիցն է։ Ոչ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող ժխտել ակնհայտը։ Ոչ այն պատճառով, որ նա արդարության կողմնակիցն է։ Այլ, քանի որ փոխվել է այսրոպեական աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությո՞ւն։ Ոչ։ Դա փշրանք է, իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայնդեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ եք եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատներդ մատներիդ տվե՞լ եք։ Ոչ։ Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ԱՄՆ էլիտայի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ո՛չ լավ, ո՛չ վատ։ Ոչ մի։ Իսկ Թուրքիայի հետ միայն ճոռոմ հարաբերություններ են։ Ահա, հենց հիմա են այդպիսին։ Հետո կլինեն ուրիշները։ Կամ չեն լինի։ Բայց հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են։ Զենքերից մեկը, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում, իսկ կարելի է հանել ճիշտ պահին։ Այդ պատճառով ես այսօր չեմ ուրախանում։ Այլ սգում եմ։ Ճիշտ այնպես, ինչպես իմ ամբողջ կյանքի ընթացքում այս օրը։ Հիշում եմ իմ տանջամահ եղած նախնիներին եւ աղոթում Աստծուն նրանց հոգիների հանգստության համար։ Իսկ Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի»:
Կրեմլյան քարոզչամեքենայի մյուս առաջամարտիկի՝ Դմիտրի Կիսելյովի էլ, ինչպես ժողովուրդն է ասում, «ո՛չ բերանն էր բացվում, ո՛չ լեզուն պտտվում», որպեսզի երեկ իր կիրակնօրյա «Շաբաթվա լուրերը» ամփոփիչ հեռուստածրագրում անդրադառնար Հայոց ցեղասպանությանը: Նախ թեմային անդրադարձավ իր ավելի քան 1-ժամանոց հաղորդման վերջում եւ ապա` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, չգիտես ինչու, կապեց հակառուսականության հետ՝ հայտարարելով, թե դա արվում է, որ «Թուրքիային պատժեն», ու նաեւ՝ հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի հեղինակության ավելացումը նվազեցվի, քանի որ, ըստ Կիսելյովի, «հայերի շրջանում Ռուսաստանի հեղինակությունն աճել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցվել է ղարաբաղյան պատերազմը, եւ ռուս խաղաղապահները մեկնել են Ղարաբաղ»: