Օգոստոսի 20-ից «Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում կգործարկվեն երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաեւ միջպետական մայրուղու վրա՝ բազմամիլիոնանոց գումարների հոսքը ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը: Թե ով է այն, առայժմ չի գաղտնազերծվում:

«Ժողովուրդը» պարզեց, որ անցած տարվա ընթացքում արագաչափերի ֆիքսած խախտումների համար հայ վարորդներից գանձվել է 2 մլրդ 827 մլն դրամ՝ մոտ 7 մլն դոլար, որի 70 տոկոսը բաժին է հասել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, իսկ ընդամենը 30 տոկոսը՝ ՀՀ ոստիկանությանը: Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգեւորված՝ հիմա էլ Երեւանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել «Փարքինգ սիթի» ընկերության սեփականատիրոջը: Այս դեպքում խոսքը Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանի մասին է, որը հավակնում է դառնալ Երեւանի գլխավոր «պարկովչիկը»: Հարությունյանը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է: