«Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը», իր համակիրների հետ հանդիպմանն ասել է Ռոբերտ Քոչարյանն ու նաեւ ավելացրել, որ այդ եւ այլ հարցերի պատասխանները կլինեն հունիսի 20-ից, այսինքն ընտրության քվեարկությունից հետո:
Քոչարյանն ակտիվ պատրաստվում է «երկբեւեռ ընտրության» եւ իր համակիրների հետ հանդիպմանն անդրադառնում է ամենատարբեր թեմաների ու ոլորտների: Բնականաբար, այդ ելույթներն էլ ունեն նախընտրական բնույթ, սակայն պատերազմի պարագայում Քոչարյանի հարցադրումները հետաքրքիր են այն առումով, թե նախընտրական տրամաբանությունից դուրս արդյոք նա միայն տպավորություններ ունի ու չունի այդ հարցերի պատասխանը:
Հարցը հռետորական չէ, քանի որ Քոչարյանը պատրաստվում է վերցնել իշխանությունը, բանակցություններով հետ վերադարձնել Շուշին ու Հադրութը եւ հաստատել արժանապատիվ խաղաղություն, ինչպես ինքն է հայտարարել իր նույն համակիրներին: Իսկ նման վստահ հայտարարությունները ենթադրում են, որ նա ոչ թե պատկերացումներ, այլ տեղի ունեցածի հստակ պատկեր պետք է ունենա: Հարց է՝ գուցե ուներ նաեւ մինչեւ պատերազմը: Սա, համաձայնեք, բոլորովին այլ մասալա է:
Քոչարյանի հարցադրումները տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, միեւնույն ժամանակ այս հարցերին որոշակի պատասխաններ տվել են իրենք՝ ՌԴ առաջին դեմքերը: Օրինակ, հայտնի է պլանավորողը, եւ պլանն էլ կոչվում է ոմն Լավրովի պլան: Այն, որ դա հնարավոր էր իրագործել միայն Հայաստանի պարտության դեպքում, հաստատել են Հայաստանի ուղղությամբ աշխատող Կրեմլի նախագծողները, այդ թվում՝ իր բառերով՝ «հայ էթնոսին առնչություն ունեցող» Սերգեյ Կուրղինյանը:
Հայտնի է նաեւ պլանի իրականացնողը՝ ՌԴ պաշտպանության նախարար եւ Պուտինի հնարավոր ժառանգորդ Շոյգուն հայտարարել է, որ թուրքերի հետ միասին «բարդ օպերացիա են իրականացրել» Ղարաբաղում: Դե, իսկ մոտիվացիայի մասին էլ խոսել են ով ասես՝ Պուտինից սկսած, պրո-հայկական փորձագետներով վերջացրած:
Այսքանից հետո Պուտինի մտերիմը եւ ամենառուսամետ գործիչը համարվող Ռոբերտ Քոչարյանի հարցադրումները քիչ ինչ տարօրինակ են թվում, հատկապես եթե նա ստանձնի իշխանությունը: Նա չի՞ հավատում Պուտինին:
Միեւնույն ժամանակ, խիստ էական է մեկ այլ հարցադրում՝ հայաստանյան իշխխանությունը եւ քաղաքական դասի «ռուսամերձ» հատվածը մասնակի՞ց է այս ծրագրերին, թե ոչ: Սա է գլխավոր հարցը, եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ քաղաքական դասի ռուսամերձ հատվածը երկու տարի ճշգրիտ նկարագրում էր այն պլանը, որը պատերազմով իրագործվել է Հայաստանի հանդեպ: Դա կանխատեսումների տպավորություն չէր թողնում, այլ մտածված արտահոսք՝ հայ հանրության ու բանակի շրջանում անվստահության, անելանելիության քայքայիչ նպատակներով: Դասական ոչ կանոնավոր «փսի» պատերազմ կանոնավորի նախաշեմին:
Քոչարյանի այս հայտարարությունը վերծանելիս կասկած կարող է առաջանալ, թե դա որոշակի ակնարկ է ռուսներին, նկատի առնելով, որ մոսկովյան սցենարով «երկբեւեռ ընտրությունը» չի ենթադրում Քոչարյանի վարչապետությունը: Ռուսներին ոչ դավաճան, բայց «ֆաշիստ» է պետք: Հետաքրքիր է, որ նման կերպ Քոչարյանն ակնարկներ էր անում մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ասելով, որ այն հատվածները, որտեղ եղել են ողբերգական իրադարձությունները, չէին վերահսկվում ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմից: Ինչպես ասում են մեր փողոցներում՝առռը հա:
Այսինքն, եղել է երրորդ շահագրգիռ կողմը: Հետագայում, մարտի 1-ի գործով բազմաթիվ կասկածյալներ հանգրվանեցին Ռուսաստանում, որը հրաժարվում է նրանց արտահանձնել Հայաստան: Անշուշտ զուգադիպաբար:
Ոչ մարտի 1-ը, ոչ Լավրովի պլանը Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չէին, եկեք համաձայնենք: Բոլորովին այլ թռիչքի պերսոնաժներ են սրանք: Փոխարենը, նրանց խելքի բանն է ճշմարտությունն ասելն ու այս իրադարձություններն իրար դեմ նեղ նպատակներով չօգտագործելը: Երեւում է սակայն, դրա գիտակցումը կորել է հայրենասերի նրբին խղճի խորխորատներում:
Ինչեւէ, եթե սրանցից պիտի ընտրվի, հայ մարդը բավականին տեղյակ է լինելու, թե ինչն ինչոց է եւ որ մեկն է ավելի հեռանկարային Մոսկվայից բախտորոշ շրջադարձ կատարելու տեսանկյունից: Կարճ ասած՝ որն է ավելի քիչ ռուս: Կան նաեւ այլ ընտրական տեխնոլոգիական հնարքներ Հայաստանը 200-ամյա արյան ծովից դուրս բերելու համար: