«Գեներալ Մուրադովի» ինքնաթիռով Հայաստան վերադարձան երեք հայ ռազմագերիներ։ Մեր հայրենակիցների վերադարձի կապակցությամբ մեծ ուրախությունը չի կարող ստվերվել բազմաթիվ հարցերով։ Եվ այնուամենայնիվ.


Ինչու՞ է ռազմագերիների վերադարձը «կազմակերպվել» հենց Լավրովի այցի նախօրեին, ում Հայաստանում դիմավորեցին բողոքի ակցիաներով։


Կապվա՞ծ է արդյոք գերիների վերադարձը Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջի և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու հետ։


Պատրաստվո՞ւմ են արդյոք ռուս խաղաղապահները Շուշիում «ընդունել» Էրդողանին, ով խոստացել է այցելել Ռամադանից հետո, իսկ դա մայիսի 12-ն է։

Կապվա՞ծ է արդյոք գերիները վերադարձը ԱՄՆ և Ֆրանսիայի ակտիվացման հետ։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ընդունել է ռազմագերիների ընտանիքներին, ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լակոտը։

Հարցերը շատ են. հայկական կողմը փորձում է առանձնացնել ռազմագերիների հարցը Հայաստանի դեմ ռուս-թուրքական անկանոն պատերազմի տարրերից: Առայժմ անհաջող։ Չափազանց շատ են նոր տարրերը, իսկ անվտանգության նախկին համակարգը վերացել է։

27 տարի առաջ ստորագրվել է Բիշկեկի պայմանագիրը, որն ուժի մեջ է եղել ավելի քան քառորդ դար և շրջանի անվտանգության հարցերը պատվիրակել է ԵԱՀԿ-ին: Հիմա իրավիճակը փոխվել է։ 44-օրյա պատերազմից 6 ամիս հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում վերականգնել գործունեությունը. «Մի կողմից Ռուսաստանն ինքն էլ կարիք ունի Մինսկի խմբի, որպեսզի միջազգայնացնի այն, ինչ կա, որովհետև խոցելի վիճակում է ինքը։ Բայց մյուս կողմից էլ չի կարող համաձայնել, որ ռուս խաղաղապահները փոխարինվեն կամ կարգավիճակի հարցը դրվի, որովհետև ինքը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը թողնում են հետոյի, քանի որ Ադբեջանի հետ պայմանավորվածություններ են խախտվում», կարծում է Հայաստանի Հանրային պալատի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Ընդհանուր առմամբ, հիմա փորձում են չեզոքացնել ԵԱՀԿ-ն որպես տարածաշրջանում անվտանգության համակարգ։ 2008 թվականին Մոսկվան փակել է ԵԱՀԿ գրասենյակը Վրաստանում, Բաքվի գրասենյակը փակվել է 2015 թվականին, իսկ 2017 թվականին Բաքուն փակել է ԵԱՀԿ գրասենյակը Երևանում։ Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ գրասենյակը մնացել է Ստեփանակերտում։

Աղբյուր՝ Lragir.am