Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում հանդիպման ժամանակ, ըստ ներկաների, հայտարարել է, որ «եթե Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը կառուցվի, ապա այն երկրները, որոնք ձգտում են Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից, անհաջողության կմատնվեն»։ Դեսպանը նշել է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած, Իրանի սահմանի մոտ գտնվող տարածքներում, ահաբեկչական որևէ խմբավորման գոյության պարագայում, Իրանը առանց զգուշացնելու կոչնչացնի այդ խմբավորումներին:


Դեսպանի խոսքից ստացվում է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունները Իրանը չի համարում որպես Հայաստանի ապաշրջափակում, ավելին՝ ստացվում է, որ դրանք չեն լուծում Հայաստանին տարածաշրջանային զարգացումներից դուրս չթողնելու հարցը: Իրանը համարում է, որ այդ հարցը կարող է լուծել միայն Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ եթե հաղորդակցությունները բացվում են Հայաստանի հարավով, զուգահեռ պետք է բացվեն նաեւ Իջեւանի հատվածը եւ Նախիջեւանով Իրանի հետ Հայաստանի կապը: Այս առաջարկներին արձագանք Ռուսաստանից ու Թուրքիայից չկա, ինչը նույնպես կարող է վկայել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունները միակողմանի են եւ չեն վերաբերում Հայաստանին:


Խնդիրը Հայաստանի հարավի օտարումն է, սակայն ԱՄՆ-ի ոչ երկիմաստ հայտարարություններից հետո կարծես թե իրավիճակ է փոխվել, եւ Հայաստանի հարցերով Կրեմլի նախագծողներն արդեն հայտարարում են, որ միայն Ռուսաստանի ճնշման ու ՖՍԲ-ի ուժերով անհնար է լուծել այդ խնդիրը: Այդպիսով Մոսկվան սպառնում է թուրքական ներխուժմա՞մբ, թե Հայաստանի դեմ ճնշումներն են անարդյունավետ դարձել ԱՄՆ միջամտությունից հետո:

Հյուսիս-հարավ հաղորդակցությունը, որի մասին խոսում է Իրանը, եւ որին աջակցում են Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ, «խաչվում» է ռուս-թուրքական ծրագրերին: Մոսկվան չի թաքցնում, որ ամեն ինչ կանի դա թույլ չտալու համար, ինչպես խոչընդոտում էր նախորդ տարիներին Իրան-Հայաստան տրանզիտային նախագծերի փորձերը: Իսկ Հյուսիս-հարավ մայրուղին, որը Իրանը պետք է Հայաստանով կապեր Վրաստանին, դարձավ հայաստանյան օլիգարխիկ ռեժիմի հոշոտման օբյեկտ:

Իրանի դեսպանի գնահատականներն անկասկած իրատեսական են: Մյուս կողմից, դրան խոչընդոտում է ոչ միայն ռուս-թուրքական տանդեմը, այլեւ Հայաստանի ինքնիշխանության ներկայիս վիճակը եւ կառավարության պահվածքը: Իր հերթին, Իրան հայտնվել է խոցելի իրավիճակում եւ դուրս մնացել «հետպատերազմյա կարգավորումից» 2020-ի պատերազմի արդյունքներով, այդ թվում՝ այդ պատերազմում իր դիրքորոշման պատճառով:

Իրանը ներկայում փորձում է վերականգնել իր դիրքերը Արեւմուտքի հետ միջուկային նոր գործարքի եւ հաղորդակցությունների «այլընտրանքի» միջոցով, կրկնելով Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչներին հարվածներ հասցնելու մասին հայտարարությունը:Իրանը պարտվել է պրոքսի-պատերազմում, որն Արցախում Իրանի դեմ վարում էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը: Պարտության հետեւանքները վերացնելու Իրանի ջանքերը չպետք է իրականանան Հայաստանի հաշվին: Այդ դեպքում Իրանի առանց մարդկային ու տարածքային կորստի պրոքսի-պարտությունը կվերածվի իրական կորուստներով պարտության: Իր հերթին, Իրանի ուղղությամբ Հայաստանի քաղաքականության 30-ամյա բացակայությունը շտապ լրացնելու կարիք կա:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/06/639712/