1997 թ․ պայմանագրի շրջանակում ռազմական օգնության վերաբերյալ Պուտինին Փաշինյանի նամակին Կրեմլի խոսնակի պատասխանները կարող են վկայել, որ Կրեմլում չէին սպասում նման «գոտկատեղից ցածր հարված»։ Դա է վկայում ռուսական պետական զլմ-ներով երկար ժամանակ դիմումի մասին տեղեկությունների բացակայությունը։ Երեւանը նույնիսկ պատերազմի օրերին չէր դիմել Ռուսաստանին։
Ռուսաստանը չի օգնելու՝ ինչի՞ն օգնի, եթե ինքն է առաջնորդում Բաքվի զինված նախաձեռնությունները։ Միեւնույն ժամանակ, մերժումը չափազանց ցցուն քայլ կլիներ նույնիսկ Ռուսաստանի հակահայ գործողությունների ֆոնին։ «Եռակողմ հայտարարության անվերապահ կատարում» մանթրան արդեն սպառնում է ողբերգական հետեւանքներով ոչ միայն հայերի, այլեւ բոլորի համար։
Կրեմլի սեթեւեթանք-մերժումը կարիք կար ավելի առարկայական դարձնել։ ՌԴ ԱԳ փոխնախարարը ճշտեց, որ Ռուսաստանը կաջակցի սահմանին լարվածությունը կարգավորելու հարցում, եթե այդպիսի խնդրանք ստանա երկու պետություններից: «Եթե այդպիսի դիմում ստանանք երկու մասնակից կողմերից, ոչ թե միայն մեկ կողմից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել», ասել է նա: Այսինքն՝ Հայաստանին «աջակցությունը» կախված է Բաքվի դիմումից։
«Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող սահմանագծումը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, թուրքերի զինված ներխուժման եւ Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ զգուշացման պայմաններում։