Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը:
Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հատուկ շեշտվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն:
«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետևյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը և խորհրդատվության տրամադրումը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման», ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Լավրովից հետո արդեն Պուտինի մակարդակով Հայաստանի տարածք ներխուժումը համառորեն շարունակում է ներկայացնել որպես սահմանային միջադեպ, այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ երեք անդամները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Իրանը եւ Հնդկաստանը հստակ արձանագրել են ներխուժման փաստը: Ռուսաստանը չի ընդունում, որ կա սահմանի խախտում եւ ըստ այդմ՝ սահման: Պուտինն այդպիսով վերահաստատեց ՌԴ դիրքորոշումը՝ Հայաստանին պարտադրվելու է «սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց» Մոսկվա-Բաքու համաձայնություններով, որի վկայությունը Լավրովի վերջին հայտարարություններն են: Առաջարկն արդեն ներկայացվել է:
Միջադեպ եզրը նշանակում է, որ Ռուսաստանը կանգ չի առնելու, նույնիսկ իր համար ծանր հեռանկարի առաջ: Կրեմլի ու ՀԱՊԿ-ի ծաղրանկարային պարզաբանումները «միջադեպի մասին» դա են կանխանշում: Հայաստանում հակագաղութային, հակաիմպերիալիստական ճակատն ընդլայնվում է: