Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը «Аргументы и Факты»-ին տված հարցազրուցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում նրա համար անբարենպաստ ելքը:


Երեւում է կարիք է առաջացել մեղմել հայ ժողովրդի վերաբերմունքը, գուցե նաեւ ռուսաստանյան տարբեր շրջանակների դժգոհությունները Հայաստանի հանդեպ քաղաքականությունից։ Բայց, միեւնույն է, ջերմ ու եղբայրական վերաբերմունքի մասին խոսելիս Լավրովը հարցազրույցում ավելի շատ արտաբերում է «ադրբեջան» բառը եւ ադրբեջանախառն եռակողմ հայտարարությունը՝ որպես մեծ շնորհ Հայաստանին։ Լավրովը նաեւ սպառնում է, որ «հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան»:

Թուրքիայի հետ աշխատում ենք սիներգիայի սկզբունքով, ասել է Լավրովը, երկրորդելով Չավուշօղլուի՝ տարածաշրջանները հավասար կիսելու մասին խոսքը։ Հայաստանի կողմից ռազմական բաղադրիչը բացառվում է, իսկ սահմանների հարցը բարդ, բայց լուծելի խնդիր է՝ երաշխիքներ է տվել նա Բաքվին։


Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք Ղարաբաղում, ասել է ՌԴ Պնախարար Շոյգուն։

Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, Ղարաբաղի կարգավիճակ չի լինելու, ասել է Պուտինը։ Հայերի Ցեղասպանություն չի եղել, ասել է նրա խոսնակը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։

«Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի», խոստովանում է հայ ժողովրդի թիվ մեկ բարեկամ ՌԴ ՊԴ պատգամավոր Զատուլինը:

«Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն», սպառնում է հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեեւը:

«Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», տրտնջում է ռազմական առաջատար փորձագետ Խոդարյոնոկը:

«Ռուսաստանը կօգնի հայերին, միայն երբ թուրքերը գրավեն նրանց երկրի կեսը. Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին», մատնում է ծրագրերը ՌԴ ՊԴ պատգամավոր Ժիրինովսկին:

«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստնը, ճիշտ է՝ մեր զինվորները անմիջապես չեն կրակել հայերի վրա», հայտարարում է հայ ժողովրդի մեկ այլ բարեկամ Կուրղինյանը:

Նկատենք՝ սրանք մեջբերումներ են ՌԴ բարձրագույն պաշտոնյաներից եւ Կրեմլի մշակումներին մասնակից փորձագետներից։ Լավրովի պլանը իրագործելի էր միայն պատերազմով եւ Հայաստանի երաշխավորված պարտությամբ ու բանակի ոչնչացմամբ՝ կառավարելի զինատեսակների ու թիկունքի քայքայիչ գործողությունների միջոցով, ռուսական զորքի մուտքը Ղարաբաղ՝ Շուշիի ու Հադրութի եւ Արցախի կարգավիճակի ոչնչացման դիմաց։ Հակահայ այլանդակ քարոզչություն, որն ավելի սաստկացավ Արցախում Լավրովի պլանի իրագործման, ներկայում՝ Հայաստանի դեմ այդ պլանի ընդլայնված կիրառման ընթացքում։ Հայ ինքնության ոչնչացման փորձեր Արցախում՝ լեզվի, եկեղեցու, հիշողության դեմ։ Եռակողմ հայտարարություններ, որոնք ուղղված են Հայաստանի մասնատմանը, ինքնիշխանությունից զրկելուն եւ տարածքային լիակատար մեկուսացմանը:

Ահա ռուսական օգնության ձեռքը եղբայրական հայ ժողովրդին։ Թուրքերի հետ Ռուսաստանը բարեկամության ու եղբայրության պակտեր է կնքել Հայաստանը ոչնչացնելու «հիմքով»՝ իր ռազմավարական նահանջը հնարավորինս անվտանգ անցնելու համար։ Ներկայում Հայաստանի վերջին տասներորդ կտորի դեմ էլ իրականացվում է Լավրովի ընդլայնված ծրագիրը։

Իսկ ինչ են խոսում Հայաստանի քաղաքական դերակատարության հավակնություն հայտնած ուժերը։ Մենք կհաստատենք արժանապատիվ խաղաղություն, ասում է շարքային ընդդիմադիր դարձած Ռոբերտ Քոչարյանը։ Որ ասում էի, չէիք հավատում, տարիների հեռվից իր Պատերազմ թե խաղաղություն դիլեման է ճոճում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանի տարածքը կհամապատասխանեցնենք ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն, անվտանգության նոր համակարգ կկառուցենք, բանակը կարդիականացնենք Ռուսաստանի հետ, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսների հետ պտի լավ ըլնենք, ավելի խորացնենք հարաբերությունները, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Նիկոլ-ՀՓՇ տասնյակ ռուսանպաստ կուսակցությունների 6-ամսյա բալագանը ռուսները փորձում են այս շրջանակում տրանսֆորմացնել «երկբեւեռ ընտրության», գործուղելով հնարավոր ու անհնար գործակալների ու խեղկատակների։

Մի քանի կուսակցություն են, որ արժանապատիվ կեցվածք ունեն՝ պարբերաբար բարձրացնելով հայկական իրավունքների հարցը։ Եվ հանրության 70 տոկոսը, որը ցուցադրաբար անհաղորդ մնաց այդ թատրոնին։ Լավրովի ու մյուսների «եղբայրական ծամածռությունները» դրանից են, դրանց քիչ է մնացել։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/24/643991/