Լավրովի Երեւան ու Բաքու կատարած այցերին հետեւեց Բաքվի զինված ներխուժումը «ՀԱՊԿ կանոնադրական տարածք», իսկ երեկվա «եղբայրական ծամածռություններից» հետո Բաքուն արդեն կրակեց եւ սպանեց հայ զինծառայողի, փորձելով առաջանալ ՀՀ խորք:


Մոսկվան սաստկացնում է ընդհանուր գրոհը իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի միջոցով: Բաքվի ներխուժումների ուղղությունները համընկնում են Հայաստանի մասնատման Լավրովի ընդլայնված պլանին: Լրագիրը հետեւողական անդրադառնում է դրան, այդ թվում՝ ծրագրի իրականացման տեխնոլոգիային: Ընտրվել է լարվածության օջախների առաջացումը եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացումը»: Օջախների շուրջ տեղակայվող հենակետերը կազմելու են Արարատից դեպի Վայոց ձոր, այնուհետեւ Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ ձգվող ռուսական ճակատային գիծը:


Սահմանազատման, կապուղիների ապաշրջափակման քողի տակ իրականացվում է արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացումը, հաղորդակցությունների ու տնտեսության վերահսկողությունը, բանակի ենթարկումը, հանրության հավաքական հոգեբանության խեղումը ներքին ռուսանպաստ ու արտաքին սանձարձակ քարոզչությամբ: Վերջին օրերին հայկական բանակում կտրուկ ավելացել է մահացու ելքով միջադեպերի քանակը, ինչն անկասկած պատահական չէ: Աղերսներ են առաջանում 1920-ի ամռանը բոլշեւիկյան ագենտուրայի հայկական բանակը կազմալուծող գործողությունների հետ:

Մոսկվան ու Բաքուն շտապում են՝ Հայաստանի շահերի շուրջ միջազգային աճող պահանջների եւ Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու պնդումների, եռակողմ հայտարարությունները չընդունելու ֆոնին: Այսօրվա գրոհը Շորժայի ուղղությամբ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը եւ Երեւանին առաջարկներ արեց Հյուսիս-հարավ նախագծի, մայրուղու կառուցման եւ հարավում համատեղ ծրագրերի մասին:

Հայաստանի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին զուգահեռ, ռուսական քաղաքականությունն արդարացնելու քարոզչական թեզերն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում: Եռակողմ հերթական փաստաթղթի կապակցությամբ Կրեմլի խոսնակի նյարդային «սլիվից» հետո նոր թեզ է դրվել շրջանառության մեջ, որի էությունն այն է, իբր Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները փաստի առաջ են դնում Ռուսաստանին, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի կառավարության որոշումների շրջանակում: Այսինքն, Ռուսաստանի նախագահ Պուտինը չէ, որ գրել է եռակողմ հայտարարությունները, նա չէ ճնշել ՀՀ ղեկավարությանը, կապ չունի հետպատերազմյա «կարգավորումների» հետ, ստիպված Ռուսաստանի շահերի ու իր պլանների դեմ է գնում եւ այլն, եւ այլն: Եւ սա այն դեպքում, երբ ՌԴ առաջին դեմքերն են Բաքվին երաշխավորում «ադրբեջանին» Արցախի պատկանելության անփոփոխությունը, Հայաստանի սահմանների անպաշտպանությունը եւ այլ բոնուսներ:

ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում համբերատար սպասել ՀԱՊԿ խորհրդակցություններին ու լավատես լինել, ՀՀ նախագահը միջազգային հանրությունից պահանջում է ավելի կոշտ լինել Բաքվի դեմ, Նիկոլ Փաշինյանը 100 տոկոս հայանպաստ թղթերից է խոսում: Իսկ ի՞նչն է խանգարում դիմել ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ Մինսկի խումբ: Իսկ Ռուսաստանի՞ն ինչն է խանգարում, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի հանդեպ պայմանագրային հստակ պարտավորություն ունեցող երկիր, խնդիրները տեղափոխել այդ ատյաններ, եթե չի կարողանում դիմակայել Նիկոլի ու Ալիեւի «սեպարատ» առասպելական նախաձեռնություններին:

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=AeEV3kU6aeY