Երևանյան ամենախոշոր մշակութային իարդարձությունների և ամենամեծ պարային ներկայացումների մեջ, ինչպես նաև ամենաազդեցիկ կոմերցիոն միջոցառումների ընթացքում վերջին շրջանում կարելի է տեսնել պարային ինքնատիպ նորարարություն։ Հայկական ժողովրդական պարերը մատուցվում են լուսային հատուկ էֆեկտներով՝ ստվերների ու տեխնոլոգիական լուծումների օգնությամբ։ Հանդիսատեսի համար սա տպավորիչ նորություն է, որը կամաց-կամաց տարածվում է նաև աշխարհի այլ երկրներում։ Այս նախագծի հեղինակը մենակատար, բեմադրող-պարուսույց Վահագն Կիրակոսյանն է, ով մեզ պատմեց «Պրո-Շոույի» հիմնադրման և դրա ապագայի մասին։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական բեմից է սկսվել գաղափարի հիմնադրումն ու ընդարձակումը։ Սկզբում՝ առանձին փոքր ներկայացումներով է սկսվել, որովհետև գործընթացը բարդ է, ապա՝ ընդարձակվել են։ «Աշխարհում պարարվեստին սկսել են այլ կերպ նայել, իսկ ժամանակակից հանդիսատեսին գոհացնելը բարդ է։
Անընդհատ մտածում էի՝ ինչով կարող ենք հարստացնել սովորական պարային բեմադրությունը։ Իմ ներգրավվածությունը թատերական ներկայացումներին, կապը հեռուստատեսության, նաև՝ բեմի լուսային ձևավորման հետ կամաց-կամաց հանգեցրեց սրան։ «Պրո-շոուն» ուղղակի նախագիծ չէ։ Լույսով-ստվեր համադրությամբ, խորեոգրաֆիկ հնարքներով և նախապես մոնտաժված տեսաշարով մենք ստացանք անհավանական գեղեցիկ մի բեմադրության ոճ, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից»,-պատմում է Վահագն Կիրակոսյանն ու հավելում, որ այսօր պարարվեստին պետք է վերաբերվել նորարար տեխնոլոգիաների դիտանկյունից։ Առաջին իսկ քայլերից հետո Վահագն Կիրակոսյանը առաջարկներ է ստացել այս բեմադրական հնարքները կիրառել ինչպես ազգային դասական բեմերում, այնպես էլ կոմերցիոն միջոցառումներում։ «Աշխատանքն ավելացավ շատ արագ։ Հիշում եմ՝ երբ մեզ հրավիրեցին բջջային օպերատորներից մեկի խոշոր պրեզենտացիան անելու հանրապետության հրապարակում, մենք մեծ թվով մասնագետների կարիք զգացինք,-պատմում է Վահագն Կիրակոսյանը։
- Այդ ժամանակ հասկացանք՝ պետք է այս տեխնիկան նախ դասավանդենք, մասնագետներ պատրաստենք, մեր թիմն ընդարձակելու համար որոշակի կրթական միջավայր ձևավորենք, որտեղ նախ ռեժիսորը, համակարգչային մոնտաժողն ու բեմադրողը կսովորեն բոլոր հնարքերը։ Շատ բարդ ոճ է, համարձակվում եմ ասել՝ նույնիսկ պարային-թատերական առանձին ուղղությունը։ Այդպես՝ «Պրո-շոուն» դարձավ նաև ուսումնական նախագիծ»։ Վահագն Կիրակոսյանը նշում է, որ մասնագետներ պատրաստելու համար նախ ընտրություն են կատարում, որովհետև պետք է վստահ լինեն՝ թիմի բոլոր անդամները պարարվեստի նրբություններինն ծանոթ են։ Այնուհետև սկսում են արդեն ունեցած աշխատանքները վերլուծել, ապա փորձնական նկարահանումներ ու բեմադրություններ անել։ Առաջարկները շատ են, բոլորին հասցնում են ներկայանալ հատուկ բեմադրությունով, բայց Վահագն Կիրակոսյանի համար ամենակարևոր առաջարկը արտասահմանից ստացած հրավերներն են։ «Պետք է հասկանալ՝ պարարվեստը մեր ամենաարտահայտիչ մշակութային դիմագծերից մեկն է։ Եվ դա բեմի վրա գրավիչ, հավելյալ էլեմենտներով ու բեմականացումով պետք է մատուցվի։ «Պրո-շոուն» այսքան մեծ հեղիննակություն վայելեց, որովհետև աշխարհի համար էլ սա նորություն է։ Մեզ հաջողվեց ցույց տալ, թե ինչ հնարքներ կարելի է կիրառել պարարվեստի այլ ճյուղեր զարգացնելու համար։
Առաջարկ ունեմ այս տեխնոլոգիան սովորեցնել ու հատուկ բեմադրություն իրականացնել ԱՄՆ-ում մեր խոշոր հայ համայնքի համար։ Համազգային Հայ Կրթական և մշակութային միության «Անի» պարախմբից առաջարկ կա այս ճյուղը ևս դասավանդել իրենց սաներին, որպեսզի մեր մշակույթը երկար ապրի, որպեսզի կարողանանք նաև հետաքրքիր ու արդիական դարձնել ուսումնական պրոցեսը։ Ես շատ եմ կարևորում այս հրավերը։ Հիմա համագործակցության ճանապարհների մասին ենք մտածում»,-նշում է «Պրո-շոուի» հիմնադիր, բեմադրող-պարուսույց Վահագն Կիրակոսյանն ու հավելում՝ սա կարող է ապագայի համար լավ օրինակ լինել, որ պարարվեստը, ինչպես մշակույթի այլ ճյուղեր, ապրում են անընդհատ նորարարությունների և զարգացումների շնորհիվ։