Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղ է համարում խոսել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների` Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա ազդեցության մասին: Նրա խոսքով, ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու եռակողմ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, ուժի մեջ են և բխում են բոլոր կողմերի շահերից:
Եռակողմ հայտարարությունների օրինականությունն այնքան կասկածելի է, որ Ռուսաստանն ու Բաքուն ստիպված են անընդհատ հիշեցնել, որ դրանք ուժի մեջ են, ինչպես գողերի հետ կապված հայտնի իրավիճակում: Այս համաձայնագրերը վիճարկվում են միջազգային դերակատարների ու կառույցների կողմից:
Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և նախագահ Ջո Բայդենը շատ պարզ ասել են, որ իրենք մտադիր են մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման որոնմանը: ԱՄՆ-ը մտադիր է շարունակել այդ ջանքերը ՄԽ մյուս անդամների `Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»: Խոսելով Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում Ռուսաստանի մենաշնորհին ԱՄՆ վերաբերմունքի մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը հայտարարել է, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը ստորագրել են այն կողմերը, որոնք հրավիրել են ռուս խաղաղապահներին: «Մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը և կողմերին կոչ ենք անում կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Այս փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների հնգամյա ներկայություն, ասել է Շոֆերը և հավելել, որ այս գործընթացում կարող են ներգրավվել նաև այլ մասնակիցներ և ուժեր:
Հայաստանում ընտրությունները կարող են վերջ դնել եռակողմ հայտարարությանը: Հայաստանը կատարեց հայտարարության բոլոր դրույթներն իր մասով․ հետ քաշեց զորքերը, Բաքվին փոխանցեց Արցախի տարածքի 2/3-ը, թույլ տվեց ռուս խաղաղապահներին տեղակայվել Ղարաբաղում, պատրաստակամություն հայտնեց կոմունիկացիաներ բացել: Մոսկվան ու Բաքուն, որը չի կատարել հայտարարության՝ գերիների վերադարձի և նոյեմբերի 9-ի դրությամբ շփման գծի վերականգնման մասին կետերը, փորձում են կանխել Հայաստանի դուրս գալը եռակողմ համաձայնագրից: Այսօր Բաքվի արտգործնախարարը հայտարարեց, թե իբր Հայաստանը չի փոխանցում ականապատ տարածքների քարտեզները ՝ խախտելով համաձայնագիրը: Հատկանշական է, որ եռակողմ հայտարարության հրապարակված տարբերակում ընդհանրապես չկան կետեր ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ։
Մոսկվան և Բաքուն, որոնք բազմիցս խախտել են եռակողմ հայտարության դրույթները, հասկանում են, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է հայտարարել եռակողմ հայտարարության դրույթների խախտման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցնելու անհրաժեշտության մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/21/650167/