Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգտոնում քննարկել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների, Ղարաբաղի և Աֆղանստանի իրավիճակը և հեռանկարները: «ԱՄՆ-ը քաջատեղյակ է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան ՄԱԿ-ի մակարդակով ճանաչված իրողություն է», ասել է թուրքական պատվիրակության ղեկավար Քըլըչը, ով հայտարարել է աֆղան ժողովրդին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին:
Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ և ՆԱՏՕ-ի վեհաժողովներից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարներ Պուտինի և Էրդողանի հետ հանդիպումներից հետո համաշխարհային լրատվամիջոցները գրում են Թուրքիայի «նոր դերի» մասին: Բրյուսելի վեհաժողովից հետո ԱՄՆ-ը հայտարարել է Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը Թուրքիային փոխանցելու մասին:
Բայդենի հետ հանդիպման հաջորդ օրը Էրդողանը ժամանել է օկուպացված հայկական Շուշի և հռչակագիր ստորագրել Ալիևի հետ, որը «չի բացառում» Արցախի տարածքում թուրքական ռազմաբազայի հիմնումը: Իր հերթին, Ռուսաստանը սկսել է ՀՀ Սյունիքի մարզում երկրորդ ռազմակայանի հիմնումը:
Այդուհանդերձ, բազայի ստեղծման մասին «լուրերը», ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, լրջորեն անհանգստացնում են Մոսկվային: Ռուս պաշտոնյաներն ու փորձագետներն ասում են, որ Մոսկվան չի կարող խանգարել Թուրքիային ստեղծել ռազմաբազա Ադրբեջանում, առավելագույնը, որ կարող է անել՝ Արցախի խաղաղապահներին բազայի կարգավիճակ տալն է: Փորձագետներն ասում են նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաբազան Ռուսաստանի «ազդեցության գոտում» արդեն անհեթեթություն է: Իսկ Ակնայի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրո՞նը: Դա թուրքական կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությո՞ւն չէ: Իսկ ի՞նչ եղավ «Թուրքիային ՆԱՏՕ-ից կտրելու հանճարեղ քաղաքականությունը» հայկական հողի նոր կտորները թուրքերին հանձնելու գնով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա ՝ բանակցելու իր թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հետ: Նրանք կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրականում և Սևծովյան տարածաշրջանում:
Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «հաջող ընտրությունների կապակցությամբ» և հավաստիացրել, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, ներառյալ համագործակցությանը ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցում»: Իսկ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկել Մոսկվա ՝ քննարկելու Հայաստանում երկրորդ ռուսական բազայի տեղակայման պայմանները՝ «Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգի կառուցման» շրջանակում, որը Հայաստանի անվտանգության ու ամբողջականության հետ կապ է ունենալու այնքան, որքան «հին» համակարգը:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/29/651816/