«Առավոտ»-ը գրում է. «Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթն, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից կլինի, առայժմ մրցույթի անցկացման համար խորհրդատվական աշխատանքներ են տարվում, և պետք է սահմանվեն այն չափանիշները, ըստ որոնց՝ տեղական 3 ընկերություն կարող է հաղթող լինել ու 14 ուղղություններով չվերթներ իրականացնել։
«Էյր Արմենիա» ընկերությունը հաստատ մասնակցելու է մրցույթին, «Առավոտի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը թեև ասաց, որ ավիաշուկայում շատ դժվար է լինելու աշխատել և մրցակցել օտարերկրյա գիգանտ ընկերությունների հետ, բայց ինչպես պարոն Ավետիսյանն ասաց՝ «թասիբի հարց է մրցույթին մասնակցելը»։
Մրցույթի պահաջներում ինչ պետք է հաշվի առնվի, որպեսզի տեղական ավիաընկերությունները կարողանան աշխատել, նորմալ մրցակցել ու չհայտնվել սնանկացած «Հայկական ավիաուղիների» և «Արմավիայի» վիճակում, «Առավոտի» հետ զրույցում «Էյր Արմենիայի» տնօրենը չնայած խուսափեց նշել իրենց նախընտրելի պայմանները, բայց վստահեցրեց, որ սնանկացած ավիաընկերությունների բախտին իրենք չեն արժանանա. «Հայկական ավիաուղիների խնդիրներն սկսել են 1998-ից, որտեղ եղել են մի քանի խնդիրներ՝ սկսած ռուսական ռուբլու դեֆոլտից, վերջացրած «Հայկական ավիաուղիներից» մի շարք ձեռնարկությունների առանձնացնելը, որ բերեց եկամտային մասին կրճատմանը և սկսվեցին խնդիրները։
2008թ.-ին «Արմավիայի» ու մեզ մոտ սկսեցին բացասական երևույթներ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված։ Մենք 2010թ.-ին սկսեցինք տարանցիկ փոխադրումներ անել, ոտքի կանգնեցին, ու «թու-թու-թու», Աստծուն փառք, նորմալ շահութաբերությամբ ենք աշխատում։ Իսկ «Արմավիան» շարունակեց նույնն անել, ինչ նախկինում էր անում՝ մինչև ճգնաժամը ու չդիմացավ, իհարկե, սուբյեկտիվ խնդիրներ էլ են եղել։ Մենք բիզնեսը վերանայեցինք ու նոր ծրագիր արեցինք, եթե իրենց պես անեինք, 5 տարի հետո նույն ճակատագրին կարժանանայինք»,- ասել է Արսեն Ավետիսյանը։