Եթե նայենք, թե այս պահին ինչ է կատարվում սահմանին եւ ինչի համար, ու դրա համար ընտրված ժամանակահատվածը, պատճառները կարող են տարբեր լինել՝ կախված թե քաղաքական, թե ռազմական հարթություններում խնդիրներից ու դրանց լուծման նպատակահարմարություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:

«Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահն է մեկնելու Մոսկվա՝ բանակցությունների: Նման գործելաոճը նոր չէ Ադրբեջանի կողմից՝ բանակցություններից առաջ սրել իրավիճակը առաջնագծում՝ բանակցություններում ինչ-ինչ բաներ ստանալու համար: Սա շատ էր հանդիպում նաեւ ժամանակին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումներից առաջ»,-ասաց նա:


Հարցին, թե ինչու հենց Երասխում է սրում վիճակն Ադրբեջանը, Հայկ Խաչիկյանը պատասխանեց. «Այստեղ բավական դժվար է գնահատելը, որովհետեւ դժվար է ասել,թե նման լոկալ իրավիճակում ինչ հաշվարկներ է ունեցել Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը:

Ամբողջ Նախիջեւան-Հայաստան շփման գծի հատվածում հայկական դիրքերը շատ ավելի բարվոք վիճակում են զբաղեցրած բարձունքների առումով, քան այլ հատվածներում: Նույնիսկ այդ պատկերում Երասխի ուղղությամբ հայկական դիրքերն էլ ավելի նպաստավոր են, այդտեղ, այո կան հայկական դիրքեր, որոնք շատ ավելի գերիշխող դիրքերում են, քան ադրբեջանականները և ամբողջությամբ վերահսկողության մեջ են պահում այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Սադարակ քաղաքը, Հեյդարաբադ ավանը: Ադրբեջանը չի ցանկանում որեւէ տեղ անբարենպաստ հատված ունենալ եւ կարծում եմ՝ նաեւ այս խնդիրն են փորձում լուծել»:

Անդրադառառնալով նոր պատերազմի հավանականությանը, փորձագետն ասաց. «Նոր պատերազմի վտանգ միշտ կա: Չնայած այն, ինչ հիմա կատարվում է մեր սահմաններին, կրում է լոկալ բնույթ, բայց ինչպե՞ս են խնդիրները վերաճում նոր պատերազմի: Դա մեկ օրում չի լինում, նույնիսկ մեկ ամսում չի լինում: Դա պարբերաբար, երկարաժամկետ աշխատանք է, ամեն ինչ սկսում է այսպիսի իրավիճակներից: Այսինքն, եթե սահմաններին տեղի ունեցողը կրում է լոկալ բնույթ, դա չի նշանակում, որ այն չի կարող վերաճել այլ գործողությունների»:

Ինչ վերաբերում է անկլավները վերադարձնելուն, Հայկ Խաչիկյանն ասաց. «Անկլավների մասին խոսակցություններ եղել էին ընտրություններից առաջ, այս պահին կարծես, առնվազն հայտարարությունների մակարդակով այդ հարցը օրակարգում չեմ նկատել: Այո, Տիգրանաշենի նկատմամբ ադրբեջանական կողմը հավակնություններ ունի, բայց այլ հարց է, թե ինչ եղանակով դա կստանա կամ ինչի կգնա դրա համար»: