Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են։
Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։
Ի՞նչ է լինելու Բաքվում 15 տարով դատապարտվող հայ գերիների ճակատագիրը։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը վստահ է, որ մեր գերիները 15 տարի չեն անցկացնի ադրբեջանական բանտերում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրա լուծումն այն է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Մինսկի կոնվենցիայի անդամ են, ինչպես նաև Արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիայի անդամ։ Այս երկու հանգամանքն էլ, նրա խոսքով, մեխանիզմներ են տրամադրում, որ մարդուն արտահանձնեն և նա իր պատժի մնացած մասը կրի հայրենիքում՝ երաշխիքով, որ ազատ չի արձակվի։ Եվ հենց այս մեխանիզմով էլ Սաֆարովին Ադրբեջանը Հունգարիայից բերեց։
«Ելքը սա է։ Քաղաքական նպատակահարմարությանը պետք է նայել, և 15 տարի չեն նստի գերիները, աստիճանաբար Ադրբեջանը պետք է նրանց վերադարձնի հայրենիք, որովհետև այդ դատական բոլոր գործերը հարցականի տակ են, դրանց օրինականությունը հարցականի տակ է, և դրանք վիճարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հետագայում փոփոխություններ է լինելու այս օրակարգում։ Պայմանական վեց կամ 15 տարի են տալիս, սրանք գործոններ են, որով փորձում են Հայաստանի վրա ազդել, իրավական առումով էքստրադիցիան պետք է կիրառվի»,-ասաց Ղազարյանը։
Human Rights Watch-ի դատապարտումը, Արա Ղազարյանի խոսքով, երաշխիք է ստեղծում, որ սայլը տեղից կշարժվի, պարզապես դրանք ժամանակի հարց են․ «Ադրբեջանն այդ բեռը այդ տասնհինգ տարի, վստահ եմ, որ նպատակահարմար չի համարի, որ կրեն, մի որոշ ժամանակ անց կմտածի աստիճանաբար որոշակի պայմաններով արտահանձնելու Հայաստանին, որ պատիժը կրեն Հայաստանում»։
Փաստաբանի խոսքով՝ պետք է արձանագրել ամենակարևորը՝ այս մարդիկ պահվում են արտաքին աշխարհից կտրված վիճակում, ինչն արդեն իսկ այս ամբողջ պրոցեսը դարձնում է անօրինական։
«Վստահ եմ, որ նրանք 15 տարի պատիժը չեն կրելու։ Արդեն իսկ եթե նրանք պահվում են առանձին և արտաքին աշխարհի հետ որևէ կապ չկա, հնարավորություն չկա ծնողների հետ խոսելու, դա արդեն իսկ անմարդկային է»,-ասաց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ևս 13 հայ ռազմագերիներու դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն անօրինականորեն հատելու համար»։
Աղբյուր՝ in.am