ՌԴ ԱԳՆ օգոստոս 5-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգայնորեն-իրավական ձևակերպման բացակայության ու կողմերի միջև վստահության պակասի պատճառով։ «Հայ-ադրբեջանական սահմանի» ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առաջարկն արել էր Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով նաեւ, որ դրա անհնարինության դեպքում դիտարկվելու է միջազգային ուժերի տեղակայման հարցը՝ առանց բախումների սահմանագծման իրականացման համար:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ «հայ-ադրբեջանական սահմանին կայուն ապաէսկալացման հնարավոր է հասնել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին անհետաձգելի կերպով սահմանազատման, ապա և սահմանագծման միջոցով»։ Փաշինյանի ու ՌԴ ԱԳՆ ձեւակերպումներից եւս մեկ անգամ հաստատվում է այն հանգամանքը, որ Բաքվի զինված ներխուժումները ՀՀ տարածք տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ՝ Հայաստանին «դեմարկացիա» պարտադրելու համար:

Նույն օրը՝ օգոստոսի 5-ին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն, ըստ որի՝ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ»։ Տարօրինակ իրավիճակ է ստացվում՝ ՌԴ ԱԳՆ-ն ռուս սահմանապահների տեղակայման անհնարինությունը պատճառաբանում է սահմանների միջազգայնորեն-իրավական ձևակերպման բացակայությամբ, միեւնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հաստատում է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման մասին: Արդյոք խոսքը ոչ թե սահմանի ողջ երկայնքի, այլ առանձին տեղամասերի մասին է, թեեւ դա չի կարող բացատրություն լինել:

Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստում ՀՀ պաշտպանության նախարարը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Հարց է առաջանում իհարկե՝ իսկ ինչ է արվելու արդեն Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորականների հետ:

Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ Ռուսաստանը Հայաստանում ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը, կամ ռուս-թուրքական նոր սահմանը, որն անցնելու է Հայաստանի ու այսպես կոչված «Ադրբեջանի» խորհրդային-վարչական «սահմանով», որը ներկայում որոշում են Բաքուն ու Մոսկվան: Նման խնդիրները դժվար են ընկալվում նույնիսկ քաղաքական-մեդիա շրջանակներում: 2020-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական ագրեսիան եւ Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի տարածքի վրա այսպես ասած մեկ ամբողջություն են, որքան էլ Փաշինյանը կամ ՌԴ պաշտոնյաները պնդում են, թե մեկը մյուսի հետ կապ չունի:

Հայաստանին պարտադրվող «դեմարկացիոն, հաղորդակցական ու խաղաղության» պայմանագրերը հաստատում են այս իրողությունը: Դրա համար Մոսկվան կիրառում է հիբրիդային պատերազմի լայն զինանոց, այդ թվում Բաքվի զինված ներխուժումները: Այս համատեքստում Տավուշի խնդրին Լրագիրը նույնպես բազմիցս անդրադարձել է, եւ ռուսական հենակետի տեղակայումն այս գործընթացի տրամաբանության մեջ է: Ռուս սահմանապահների տեղակայումն ու ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը հնարավոր է վկայում են ինչ որ պայմանավորվածության մասին, որ այդ հատվածում «դեմարկացիան» արվի անաղմուկ:

Փաշինյանի առաջարկի՝ ՌԴ ԱԳՆ մակարդակով հրապարակային մերժումն ու միաժամանակ Տավուշում ռուս սահմանապահների տեղակայումը ընդգծում են Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականության բնույթն ու ուղղվածությունը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/06/659816/