Ռուս լրագրողին ասածս արտահայտությունը թող որեւէ մեկը չքաղաքականացնի, ոչ մեկ իրեն անհասկացողի տեղ չդնի եւ իմ խոսքերի տակ այլ իմաստ չփնտրի: Ռուս ըմբիշն էլ թող վերանայի մեր գոտեմարտը եւ տեսնի, թե ինչպես իրեն նվիրեցին միավորներ: Կլինե՞մ արդյոք հաջորդ Օլիմպիական խաղերում, թե՞ ոչ, այս պահին ոչինչ ասել չեմ կարող, ոչինչ դեռ չեմ որոշել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայում ասաց Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, Տոկիո-2020 օլիմպիական փոխչեմպիոն, Լոնդոն-2012 օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը, որը նախորդ գիշեր Կարապետ Չալյանի եւ մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ վերադարձավ հայրենիք:
Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունեահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանը վիճելի մրցավարության պայմաններում դարձավ արծաթե մեդալակիր:
Գոտեմարտի վերջում օլիմպիական չեմպիոնը ծափերով «ողջունեց» մրցավարների գործողությունները, իսկ գոտեմարտից հետո լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս ռուս լրագրողին ասաց «Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից» արտահայտությունը, որը հետագայում բուռն արձագանք գտավ ռուսական մամուլում: Գյումրեցի ըմբիշն իր անհամաձայնությունն արտահայտեց նաեւ պարգեւատրման արարողության ժամանակ՝ հրաժարվելով արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
Տոկիոյում Արթուր Ալեքսանյանը որեւէ մեկնաբանություն չտվեց գոտեմարտից հետո: Հայրենիք վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայում լրագրողների հետ զրույցում օլիմպիական չեմպիոնն առաջին ծավալուն մեկնաբանությունը տվեց եզրափակիչ գոտեմարտի, պարտության հետ չհամաձայնվելու եւ ռուսական մամուլում սկանդալի առիթ դարձած իր արտահայության մասին:
«Մեկնել էի ոչ թե արծաթե մեդալի հետեւից, այլ՝ ոսկու: Լավ պատրաստվել էինք, բոլոր մարզումային փուլերը լիարժեք անցել եւ բոլորս լավ էինք մեզ զգում մրցագորգում: Թե ինչ եղավ Տոկիոյի մրցագորգում, կարծում եմ՝ տեսան բոլորը:
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Ըմշամարտի միջազգային ֆեդերացիան կոռումպացված է: Մեդալները չեն նվաճում, մեդալնեը բաժանում են. այս երկիրը մեդալ չունի, մեդալ տանք, մյուսը ոսկի չունի, ոսկի տանք: Օլիմպիական խաղերում մեդալները չեն նվաճում, դրանք բաժանվում են»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական չեմպիոնի խոսքով, Հայաստանի թիմից Տոկիոյում գողացան իր ոսկե, Կարեն Ասլանյանի եւ Կարապետ Չալյանի մեդալները:
«Չեմ կարող ասել, թե Հայաստանի թիմի դեմ կոնկրետ ուղղորդվածություն կար, բայց մեզնից գողացան իմ ոսկե մեդալն ու Կարապետ Չալյանի, Կարեն Ասլանյանի մեդալները: Մեր մեդալներից մեկի գույնը պետք է փոխված լիներ, Չալյանն ու Ասլանյանը կարող էին մեդալ նվաճել: Կարծում եմ՝ բոլորն են տեսել մեր ըմբիշների գոտեմարտերն ու դրանց մրցավարությունը:
Եղան մրցավարական սխալներ: Այն, ինչ եղավ Կարեն Ասլանյանի գոտեմարտում, նույնիսկ պատանիների մրցաշարերում այդպիսի բան չեմ տեսել: Անհնար է գոտեմարտն ավարտվի, հաղթանակը տան, հետո նոր որոշում փոխեն և գոտեմարտը շարունակվի»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:
Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւի հետ եզրափակիչ գոտեմարտը մեկնաբանելիս Արթուր Ալեքսանյանը չկարողացավ թաքցնել վրդովմունքը: Նրա խոսքով, երբ իրեն հարցնում են՝ ինչո՞ւ միավոր տվեցին մրցակցին, ինքը պատասխան չունի:
«Առաջին մրցափուլում պարտերում պաշտապվելիս կանոններից դուրս ոչինչ չեմ արել: Ըմբշամարտը երեք մրցավարով են դատում: Պարտերում պաշտպանվեցի, երեք մրցավարներն էլ գրանցեցին մաքուր պաշտպանություն ու գոտեմարտը պետք է շարունակվեր կանգնած դրությունից:
Ենթադրենք՝ խախտում էի արել. մրցավարներից մեկը չտեսա՞վ դա: Լավ, մյուսները կտեսնե՞ին... Ինչպե՞ս եղավ, որ երեքն էլ գրանցեցին մաքուր պաշտպանություն եւ թույլ տվեցին շարունակել գոտեմարտը գորգի մեջտեղից՝ կանգնած դիրքից ու հանկարծ Ռուսաստանի մարզիչները բողոքարկեցին: Ու չգիտես՝ որտեղից, երկու միավորանոց նկատողություն տվեցին ինձ:
Մինչև այս պահն ինձ համար անհասկանալի է, թե ես ինչ խախտում էի արել: Ես փորձեցի հասկանալ, թե ինչ եմ արել, հարցրեցի մրցավարներին, ոչ մեկ չարձագանքեց: Ինձ հարցնում են, թե ինչո՞ւ քեզ երկու միավոր տվեցին պարտերում: Իրոք, ես չեմ կարողանում պատասխանել, որովհետեւ ինքս չգիտեմ՝ ինչու: Ամեն ինչ հասկանալի էր: Ես վնասվածք ունեի եւ իրենց էլ էր պարզ, որ ինձ համար դժվար էր լինելու հետ բերել այդքան միավորներ»,- մանրամասնեց Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարը պարզաբանեց նաեւ, թե ինչ է նկատի ունեցել ռուս լրագրողին արված արտահայությամբ:
«Իմ ասածը թող չքաղաքականցնեն: Ասածս այն էր, որ այո, հունահռոմեական ըմբշամարտում կան Ռուսաստանը ներկայացնող մարզիկներ, որոնց միշտ մրցավարներն օգնում են մրցումների ժամանակ: Հենց դա եմ ուզեցել ասել: Թող ոչ մեկ իրեն անհասկացողի տեղ չդնի եւ իմ խոսքերի տակ այլ իմաստ չփնտրի:
Ինձ քիչ է հետաքրքրում՝ ռուս ըմբիշն ինչպես է մեկնաբանում մեր գոտեմարտը: Նախ թող եւս մեկ անգամ նայի, թե այդ միավորները, որ իրեն նվիրեցին, ինչի համար էր, ինչ եմ ես արել, որ այդ միավորները նրան նվիրեցին: Չորս օր է ես Տոկիոյում ասում եմ՝ ցույց տվեք, թե որտեղ եմ ես խախտում արել, ինչու են ինձ երկու միավորանոց նկատողություն տվել: Ասում եմ, ցույց տվեք, համզովեմ, որ սխալ եմ արել, համաձայնվեմ պարտությանս հետ, բայց ոչ մի արձագանք չկա, ինձ ոչ ոք չի պատասխանում: Ես լրիվ օրենքի սահմաններում եմ պաշտպանվել»,- մանրամասնեց ըմբիշը:
Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը Երեւան ժամանեց առանց արծաթե մեդալը պարանոցին կախած, ինչպես միշտ ժամանման սրահ են դուրս գալիս մեդալակիր մարզիկները:
«Տոկիո-2020-ի արծաթե մեդալն ինձ մոտ չէ, մարզիչիս մոտ է: Այժմ պարանոցիս չէ, որովհետեւ դա իմ մեդալի գույնը չէր»,- ակնարկեց Արթուր Ալեսքանյանը:
Օլիմպիական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիրը շնորհավորեց Տոկիո-2020-ում Հայաստանի մյուս մեդալակիրներին:
«Այս օլիմպիական խաղերը մեզ ու մեր ազգին տվեց մեդալներ: Շնորհավորում եմ մեր մյուս մեդալակիր տղաներին: Հայաստանի օլիմպիական հավաքականն ունեցավ 4 մեդալ: Չնայած կարող էինք շատ մեդալներ ունենալ, բայց այսքանով էլ կարող ենք ուրախանալ:
Կլինե՞մ արդյոք հաջորդ Օլիմպիական խաղերում, թե՞ ոչ, այս պահին ոչինչ ասել չեմ կարող, ոչինչ դեռ չեմ որոշել: Այժմ կհանգստանամ: Չեմ էլ կարող հիմա ինչ-որ որոշում կայացնել: Հանգստից հետո պարզ կլինի՝ ինչ կանեմ»,- ամփոփեց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտել է 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:
Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է:
Տոկիո-2020-ում հայ մարզիկներից հանդես եկան նաև ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ)
Նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: