Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց. նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Ըստ Վարդեւանյանի՝ ՀՔԾ-ն 3 տարի ամեն ինչ արել է, ինչ կարելի էր անել այս իշխանություններին հաճոյանալու համար.

«Մի՛ ասեք նման ստեր այն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզանից։ Բանակն ապահովե՞լ է հասարակական կարգ, այո՛։ Բանակը ներգրավվե՞լ էր հասարակական կարգի պահպանության մեջ, այո՛։ Ինչու Անդրանիկ Քոչարյանը կամ «Մարտի 1-ի» ցույցերին մասնակցող գործընկերները չե՞ն հիշում՝ ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունն Ազատության հրապարակից բարձրաձայնվում, որ գա»։

Արամ Վարդեւանյանն ասաց՝ երբ Անդրանիկ Քոչարյանն ամբողջ քրեական գործի ծավալին տիրապետի, այդ ժամանակ կխոսի իր հետ։

«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք։ Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք. ճիշտ է ասում պարոն Քոչարյանը։ Ուղղակի Անդրանիկ Քոչարյանը երեւի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Նա չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձեւավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե, նա չի ուզում այս ամբիոնից ասել, որ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը լինելով, փաստացի, Արցախի ղեկավար, մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ հայտարարություններին՝ պատգամավորն ասաց. «ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Միքայել Հարությունյանը եկել է Հայաստան, Անդրանիկ Քոչարյանը նենց է ներկայացնում, որ ինքն է բերել։ Դուք տեղյա՞կ եք, որ ՊՆ-ի արխիվում կա ՊՆ նախարարի ՌԴ-ի համապատասխան հրամանը, որ ինքը եկել է Հայաստան։ Խոսել Միքայել Հարությունյանի մասին բացասական լույսի ներքո մի պարզ պատճառով, որովհետեւ 2018 թվականից ի վեր գիտե՞ք՝ քանի բանագնացներ են գնացել Հարությունյանի մոտ, էլ Արշակ Կարապետյան, տարբեր մարդիկ, խնդրել են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կեղծ ցուցմունք»։

Վարդեւանյանը խորհուրդ տվեց իշխանական պատգամավորներին հետաքրքրվել, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն առնվազն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական. «Կարող էր լինել խելագար, մոլագար։ Կարող ենք ասել նաեւ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից՝ հանցագործ, բայց ոչ երբեք կիրթ ու կառուցողական։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը որպես պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ էր նշանակվում 29-30 տարեկան ՀՀ քաղաքացի Արգիշտի Քյարամյանը։ Կարող ենք համեմատականն անցկացնել, ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ, որովհետեւ եթե պատերազմն անակնալ չի եղել, դա էլ ուրիշ հարցեր է առաջացնում»։