Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը The Politic ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մերժում Հայերի Ցեղասպանության հետ կապված փաստերը, սակայն չի արտասանում այդ բառը` ելնելով քաղաքական դրդապատճառներով:
Ջոն Հեֆերնը մասնավորապես նշել է.« Այս հարցի շուրջ ԱՄՆ դիրքորոշումը պարզորոշ երևում է յուրաքանչյուր ապրիլի 24-ին, երբ հայերը հիշատակում են 1915 թվականի սպանությունների սկիզբը: Նախագահի` ապրիլի 24-ին կատարած հայտարարությունը, որը նա կատարել է 4-5 անգամ, շատ ուժեղ հայտարարություն է: Այն չի մերժում փաստերը: Այն պարզորոշ նշում է, որ 1,5 միլիոն հայ սպանվել են կամ բռնագաղթի են ենթարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այն այս գործողությունները համարում է 20-րդ դարի ամենավատ վայրագությունը: Հայտարարության համաձայն Օբաման ճանաչում է փաստերը և ոչ մի քննարկում չկա այդ ուղղությամբ:
ԱՄՆ կառավարության` այդ ժամանակաշրջանը նկարագրելու որոշումը քաղաքական է և պետք է հաշվի առնել որոշ տեղական և քաղաքական գործոններ,որոնցից մեկը հաշտեցումն է:
ԱՄՆ կառավարության քաղաքականությունն է գտնել ուղիներ Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցումը առաջ տանելու համար և այդ հաշտեցման միջոցով ապահովել մարդկանց բարեկեցիկ կյանքը երկու պետությունում: Անշուշտ Հայաստանը կարիք ունի, որ Թուրքիան բացի սահմանները և հարևանի հետ դիվանագիտական հարաբերությունների սահմանվի: Հայաստանը կիսամեկուսացած պետություն է,որը իր բացասական ազդեցությունն է ունենում երկրի և տնտեսության վրա: Այդ պատճառով ԱՄՆ քաղաքականությունն է հաշտեցնել Հայաստանին և Թուրքիային: Նախագահը, ինչպես նաև պետքարտուղարները` Քլինթոնը, իսկ այժմ նաև Քերին ընտրում և օգտագործում են այնպիսի բառեր,որոնք ըստ նրանց կարող է օժանդակել հաշտեցմանը և այդ պատճառով էլ ընտրել են այն բառերը, որոնք հետագայում օգտագործել են»: