Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Վրաստան եւ Ուկրաինա կատարած այցերին աջակցություն է հայտնել այդ երկրներին, այդ թվում պաշտպանունակության ամրապնդման առումով։ Վրաստանում նա կոշտ հայտարարություն է արել ռուս-թուրքական 3+3 ձեւաչափի եւ դրան Վրաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ինչը փորձագետներից շատերը որակել են որպես ամերիկյան վետո այդ նախաձեռնությանը։ Իկս Կիեւում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Դոնբասում սկսել է Ռուսաստանը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանը գործում է ուղիղ, չնայած Դոնբասի «տեղական ուժերի» հետեւում թաքնվելու տարտամ փորձերին։ Նույնը՝ Վրաստանի դեպքում։ Ընդ որում, Ռուսաստանի կիրառած ռազմական, քարոզչական եւ ոչ կանոնավոր պատերազմի մեթոդները լիովին համընկնում են Հայաստանի դեմ 2014-ից սկսած արշավին կիրառած մեթոդներին ու քարոզչությանը։ Կա մեկ տարբերություն՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ գործում է թե ուղիղ, թե միջնորդավորված՝ թուրքերի հետ համատեղ։
Թուրքերի պարագան Ռուսաստանին հնարավորություն է տալիս գործել ավելի անկաշկանդ, առավել եւս հայկական մեդիա-քաղաքական-փորձագիտական տարածությունում ներդրված «թուրք-ադրբեջանական ագրեսիա» հիմնադրույթի պայմաններում։ Թեեւ Կրեմլին մերձ տարբեր շրջանակներ խոստովանել են պատերազմը սկսելու հանգամանքը, իսկ Կյուժուգեթ-օղլու Շոյգուն նույնիսկ խոսել է «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա իրականացնելու» մասին, հայկական մեդիա-քաղաքական դասի գերակշիռ մասում գործում է քարե դարի ժամանակներին բնորոշ տաբու՝ չտալ մեծն չարագործի անունը։
Այդպես երեւի հեշտ է՝ տեղի ունեցածի պատմական, քաղաքակրթական, ռազմա-քաղաքական խորքը, հանգամանքները եւ պատասխանատվությունը ճիշտ սահմանելու համար, որը բեկման նախապայմանն է, միտք, գիտելիք, համարձակություն, արժանապատվություն է պետք ունենալ։ Երբ դրանք չկան, կամ չկա դրա մոտիվացիան, մնում են «թուրք-ադրբեջանական ագրեսիայի» շրջանակում անվերջ ռազբորկաները մեղավորների ու դավաճանների փնտրտուքի, պատերազմը երկու անգամ կանգնեցնելու վերաբերյալ հեքիաթների եւ այլնի շուրջ։
Եթե համոզված են, որ դա զուտ «թուրք-ադրբեջանական ագրեսիա» էր, ինչո՞ւ չեն իշխող ու չիշխող խորհրդարանական խմբերը քննարկում օրինակ Արցախի ճանաչման հարցը։
Ինչ է կատարվում մեր շուրջ, ընդ որում՝ անմիջապես մեզ հետ, եւ ինչ բովանդակություն ունեն այդ ռազբորկաները, ամեն օր անցկացվող ակադեմիական ու ոչ ակադեմիական ժողովներն ու կուսակցական հավաքները։ Չէ՞ որ այդ ամենը լսելի ու տեսանելի է բոլորին։ 44-օրյա հերոսամարտը, հազարավոր նահատակների սխրանքը ջրելու, հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարվելու այս ընթացքն ի՞նչ արձագանք պետք է ունենա աշխարհում։ Ո՞վ ձեռք կմեկնի մեկին, որը նման պահվածք է դրսեւորում։
Նյութի աղբյուր՝ Lragir.am