ԱՀԿ-ում կարծում են, որ արդեն մոտ ժամանակներս աշխարհում կարող են հայտնվել կարմրուկի օջախներ։ Հնարավոր բռնկումների գլխավոր պատճաների թվում է՝ ըստ պատվաստումների օրացույցի պատվաստման տեմպի նվազումը։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցում։
«Չնայած 2020 թվականին կարմրուկի գրանցված դեպքերի թիվը նվազել է, տվյալները վկայում են այն մասին, որ մենք հավանաբար ականատես ենք փոթորկից առաջ անդորրի, քանի որ բռնկումների ռիսկը շարունակում է աճել աշխարհով մեկ»,-նշված է փաստաթղթում։
Ինչպես հայտնել են կազմակերպությունում, 2020 թվականին քովիդի պանդեմիայի պատճառով 22 մլն նորածիններ բաց են թողել կարմրուկի դեմ առաջին դեղաչափով պատվաստումը, ինչը 3 մլն-ով ավելի է 2019-ի համեմատ։ Նման իրավիճակը վտանգավոր պայմաններ է ստեղծում նոր բռնկումների առաջացման համար։
2020 թվականին համաճարակաբանական վերահսկողությունը կարմրուկի նկատմամբ վատացել է։ Լաբորատորիաներ ուղարկված նմուշների թիվը դարձել է վերջին մի քանի տարում ամենաքիչը։ Անցած տարի 26 երկրում արձանագրվել են կարմրուկի խոշոր բռնկումներ։ Համաձայն զեկույցի՝ 2020 թվականին երեխաների միայն 70 տոկոսն է ստացել կարմրուկի դեմ պատվաստնյութի 2 դեղաչափը, մինչդեռ վարակի տարածումից պաշտպանվելու համար պատվաստվածների մասնաբաժինը պետք է կազմի 95 տոկոս։
ԱՀԿ տվյալներով՝ միայն 2018 թվականի կարմրուկից աշխարհում մահացել է մոտ 140 հազար մարդ, մեծ մասը՝ մինչև 5 տարեկան երեխաներ։