Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում. «Ավելին, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ Գյումրիի իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Նկատենք, որ սա առաջին դեպքն է, որ քրեական գործ է հարուցվում եւ մեղադրանք առաջադրվում գործող դատախազին։
Քրգործի առիթը եղել է Գյումրիի բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը։ Բանն այն է, որ Գ.Հովհաննիսյանն իր տնակից կատարված գողության առթիվ հարուցված քրգործի ճակատագիրն իմանալու նպատակով հունիսի 25-ին հանդիպել էր Կարեն Շահբազյանի հետ։ Սակայն, ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրել էր 60-ամյա կինը, դատախազն աթոռին նստելու համար վիրավորել էր իրեն եւ աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» դատախազության շենքից։
Դատախազի դեմ ՀՔԾ-ում քրգործ հարուցելու մասին լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որը, սակայն, ասաց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, պատճառաբանելով, որ իրեն զանգահարել ենք ուշ երեկոյան՝ ոչ աշխատանքային ժամի, վկայակոչեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ու ասաց, որ հարցն ուղարկենք գրավոր»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):