Լաչինն ու այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» նույնացնելու ալիևյան հայտարարությունը Հայաստանում շարունակում է լինել լայն քննարկման առարկա: Այդ քննարկումներում հաճախ է առաջ քաշվում միտքը, որ Լաչինն ու «Զամգեզուրյան միջանցքը» հավասարեցնելու պարագայում, պետք է հավասարեցվի նաև Արցախի ու Նախիջևանի կարգավիճակները: Սա միանգամայն տրամաբանական հակափաստարկ է, բայց ունի թերևս առավել հանգամանալից դիտարկվելու կարիք, թե արդյո՞ք կան այստեղ խութեր, կամ կարող են լինել այդպիսիք:


Ի վերջո, Ալիևը Բրյուսելում արել է հայտարարություն, որը չի հաշվարկել և խաղաքարտ է տվել հայկական կողմի՞ն՝ իրեն դնելով ծուղակում, թե՞ Ալիևի հայտարարությունը միանգամայն հաշվարկված է և ծուղակ կարող է լինել հայկական կողմի համար: Եթե հայկական կողմն առաջ է քաշում փաստարկ, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» միջև չպետք է լինի տարբերություն, ուրեմն տարբերություն չպետք է լինի Նախիջևանի և Արցախի կարգավիճակների միջև, արդյո՞ք այդտեղ չկա «զանգեզուրյան միջանցքի» ալիևյան օրակարգի այսպես ասած լեգիտիմացման վտանգ: Ըստ էության, եթե բերվում է հայկական այդպիսի տրամաբանությամբ հակափաստարկ, ապա գործնականում ստացվում է, որ առաջ է քաշվում «տարածքային փոխանակման» տրամաբանությունը, որը եղել է մոտ երկու տասնամյակ առաջ:

Իհարկե կարող են լինել դետալային տարբերություններ, սակայն ընդհանուր առմամբ տրամաբանությունը փաստացի վերադառնում է արցախյան հարցի լուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքային փոխանակման» տրամաբանության կետին: Այդ կետում եղել են Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը քիվեսթյան գործընթացում, ինչը սակայն չի դարձել իրականություն: Ալիևի հայտարարությունը միտված է գործընթացը այդ կետ վերադարձնելու՞ն, երբ արդեն Ադրբեջանն է այսպես ասած հաղթող կողմի կարգավիճակում: Հայկական կողմը պատրա՞ստ է վերադառնալ այդ կետին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքային փոխանակում»: Չէ՞ որ գործնականում հենց այդ կետում է սկսել խեղվել արցախյան հարցի տրամաբանությունն ու ընթացքը պտտել ադրբեջանական դիրքորոշումների ջրաղացը:

Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/3044062.html