Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից ԵՊԲՀ ռեկտորը Մոսկվայում ադրբեջանցի ներկայացուցիչների հետ ինչ-որ բանակցությունների մեջ է:
Արմենամերձ շրջանակների կողմից պնդում է արվում, որ բանակցում են որպեսզի բժիշկներ այցելեն հայ գերիներին: Իհարկե, գերիների հարցում ցանկացած օգնություն իր արժեքն ունի, բայց այդ ամենում բացարձակ չի տեղավորվում այն չհիմնավորված պաթոսն ու փիառ արշավը, ջանքերը, որով ուղեկցվում է այդ ամբողջ պրոցեսը:
Գերիների հարցով կա մեկ լուծում` այդ մարդկանց օր առաջ Հայաստան վերադարձնել, իսկ այդ հարցում Հայաստան պետությունը ներկայացնող խմբակը կատարյալ ֆիասկո է ապրել, ու հիմա զանազան փիառ քայլերով Ադրբեջանը փորձում է գերիների հարցում մարդասիրություն վաճառել Հայաստանին և միջազգային հանրությանը:
Հայաստանից էլ որոշ շրջանակներ ջանք չեն խնայում իրենց փայ փիառվել այդ հարցում: «Զինվորի տուն»-ը լավ օրից չէ, որ ունենք, իսկ վիրավոր զինվորներին խնամելը և կյանք վերադարձնելը պետության և մեծ հաշվով բոլորիս պարտավորությունն է, անել լուռ, անել հնարավորը, գլուխը կախ ու առանց ինքնագովազդի:
Ոչ մի տրամաբանության մեջ արդեն չի տեղավորվում, որ նույն ԵՊԲՀ ռեկտորը պնդում է, որ «Զինվորի տուն»-ը այլևս Հայաստանի այցեքարտն է: Ավելի վայրենի ինքնագովազդ թերևս դժվար է մտաբերել: Հիմա էս ամբողջ փիառ փուչիկի տրամաբանության մեջ գտնվող մարդն ինչ պետք է բանակցի, ինչու պետք է ինքը բանակցի կամ բանակցում է, որ ի՞նչ անի,
որ ևս մի քանի ամիս գերիների ծնողների և հարազատների վրա հույս վաճառե՞ն, որ այնքան ժամանակ անցնի մինչև այդ մարդիկ էլ բթանան, որ էլ ելք չտեսնե՞ն, որ հաշտվե՞ն պետությունը «կառավարող խմբակի» խայտառակ ձախողման հետ:
Ի դեպ, էդ բանակցության արդյունքներից ի՞նչ կա, թե՞ միակ արդյունքը «կիրթ և կառուցողականն» է լինելու»: