2022-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում պատերազմական եւ խաղաղ ժամանակաշրջանում մարդկանց եւ կենդանիների զանգվածային հուղարկավորման, եղբայրական գերեզմանոցների պետական ստանդարտը։ Այն մշակել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ սահմանում է պատերազմի եւ արտակարգ իրավիճակների պատճառով զոհվածների հուղարկավորման կարգը։

Այս որոշման ընդունումը համընկավ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Կրեմլի փաստացի վերջնագրի հետ․ Մոսկվան պահանջում է ստորագրել անվտանգության երաշխիքների փաստաթուղթ, որով մասնավորապես ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվեն ՌԴ սահմանակից երկրներում փոքր եւ միջին հեռահարության սպառազինության տեղակայումից, ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի հետագա ընդլայնման քաղաքականությունից, այդ թվում նախկին ԽՍՀՄ երկրների հաշվին, եւ այլն։

Հակառակ պարագային, Մոսկվան սպառնում է «հակամարտության հետագա սրմամբ», մեծացնելով լարվածությունն Ուկրաինայի սահմաններին՝ զորքի ու սպառազինության կուտակմամբ եւ պատերազմական քարոզչությամբ։ Ավելի վաղ, Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել էր պահել լարվածությունը Արեւմուտքի ուղղությամբ։

ՌԴ պահանջներին համաձայնությունը փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ի կապիտուլյացիա, նշում են փորձագետները։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել են, որ փաստաթղթի որոշ կետեր կարելի է քննարկել, որոշ կետեր էլ անընդունելի են։ Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Մոսկվան պահանջների այնպիսի նշաձող է դրել, որ մերժման դեպքում ստիպված է դիմել ռազմական գործողությունների, այլապես դա կնշանակի արդեն ՌԴ կապիտուլյացիա։

Պուտինը ժամանակին հայտարարել էր, թե միջուկային պատերազմի դեպքում Արեւմուտքը կոչնչանա, իսկ իրենք կգնան դրախտ։ Շատերն իրավիճակը համեմատում են Կարիբյան ճգնաժամի հետ․ այն ժամանակ խորհրդային կառավարությունը զիջեց, եւ քննարկումներ սկսեցին ռազմավարական զսպման շուրջ։ Փորձագետները նշում են, որ Պուտինը ձգտում է նման մի համաձայնության, ինչը կնշանակի ՌԴ ռազմավարական ռեւանշը ԽՍՀՄ փլուզման դիմաց, որի վերաբերյալ Պուտինը բազմիցս արտահայտվել է։

Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Ռուսաստանը ներկայում իր ներուժով համեմատելի չէ ԽՍՀՄ հետ, ավելին՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մերժման պարագային Կրեմլը հայտնվելու է երկիմաստ իրավիճակում՝ թե պատերազմի, թե ռազմական գործողություններից հրաժարվելու դեպքում ՌԴ-ն շահած դուրս չի գալու։ Ավելին, շատերը նշում են, որ արդեն իսկ անվտանգության երաշխիքների պահանջը եւ Չինաստանի աջակցությանը եւ Թուրքիայի միջնորդությանը հղումները վկայում են ՌԴ խոցելի իրավիճակը։ Որպես «կարիբյան նոր ճգնաժամի» հետեւանք՝ ՌԴ-ն հայտնվելու է Չինաստանից ավելի կախյալ, վասալային վիճակում, որին ձեռնտու է Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը, ընդհուպ՝ ռազմական։ Չինաստանն այդպիսով ծրագրում է լուծել Թայվանի ենթարկման եւ ռուսական Սիբիրի փաստացի ինկորպորացիայի խնդիրը։


Ահա սա է հորդայի բնազդներով առաջնորդվող Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմի քաղաքականությունը՝ դիմակայություն Արեւմուտքի հետ՝ երկիրը Թուրքիային ու Չինաստանին հանձնելու դիմաց։ Հայաստանի դեմ 2020-ից սկսած ռազմական եւ հիբրիդային արշավը ՌԴ այս «ռազմավարության» տրամաբանության մեջ է։ Ավելորդ է ասել, որ Ուկրաինայի շուրջ պատերազմը Հայաստանին սպառնում է նոր աղետներով։ Թեեւ, քիչ թե շատ համարժեք քաղաքական վերնախավերի առկայությունը կարող էր նաեւ հնարավորությունների որոշակի դռներ բացել։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/27/690259/