Վերադառնալով Մոսկվայից, Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է շտապ հրավիրել։ Նա հայտարարել է, որ Սյունիքի մարզում ամբողջ թափով ընթանում է այլընտրանքային ճանապարհների կառուցումը։ Փաշինյանը հիշեցրել է, որ ԵՄ հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Սյունիկում 80 մլն եվրոյի զարգացման ծրագրեր են նախատեսվում։ Նա նաեւ ասել է, որ շարունակվում է ակտիվ աշխատանքը Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա՝ ընդգծելով Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածները։
Փաշինյանը նշել է, որ սկսվում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրու հատվածի կառուցման նախապատրաստման աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը «հայտնի պատճառներով» իր մեջ եւ վտանգներ է պարունակում, եւ հնարավորություններ։ Փաշինյանը, սակայն, ոչ մի ժամկետ չի նշել եւ պայմանավորվածությունների մասին չի խոսել։
Մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանն իր հայտնի ասուլիսում հանդես է եկել մի շարք թեզերով, որոնք Բաքվում գնահատվել են որպես «ադրբեջանական համայնքը» Արցախ վերադարձնելու Հայաստանի համաձայնություն։ Դրան հետեւել են արցախյան ղեկավարության կոշտ արձագանքը եւ Հայաստանում որոշ խմբերի փորձերը՝ հակամարտություն հրահրել Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ՝ ի շահ Մոսկվայի։
Մոսկվայում Փաշինյան-Ալիեւ շփումների մասին չի հայտնվում։ Փաշինյանը, Երեւան վերադառնալով, կրկին խոսել է այլընտրանքային ճանապարհների մասին։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհի հարցը, որի մի մասը ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների ստորագրությամբ փոխանցվել է Բաքվին, համարվում է փակված։ Այնտեղ արդեն տեղի է ունեցել «սահմանազատում»։
Ի դեպ, նույն օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովը կստեղծվի մոտակա ժամանակներս, եւ այն կաշխատի Մոսկվայի «խորհրդատվական աջակցությամբ»։ Նա հիշեցրել է, որ սահմանը խորհրդային ժամանակներից չունի «պատշաճ մոջազգային-իրավական ձեւակերպում»։
Նույն օրը հայտնի է դարձել, որ Իրանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն է բացում։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/30/691021/