Ալիեւը հայտարարել է, որ 2021 թվականը հաջող տարի էր երկրի համար, եւ դրված բոլոր խնդիրները կատարված են։ Նա ասել է, որ «ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կարծում եմ, որ պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները եւս մեկ անգամ ողջ աշխարհին ապացուցեցին մեր իրավացի լինելը։ Ուստի, կարծում եմ, որ ռազմական եւ հետպատերազմյան իրողությունների ընդունմանը հասնելը քաղաքական տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն կարելի է համարել»։
Ալիեւն ավելորդ համեստություն է անում․ դա իր համար ոչ թե շատ կարեւոր, այլ ամենակարեւոր իրադարձությունն էր։ Այդ «համեստությունն» այլ պատճառ էլ ունի՝ դա ոչ թե իր ձեռքբերումն է, այլ՝ Մոսկվայի ու Նիկոլ Փաշինյանի։ Մոսկվան «Ադրբեջանի»՝ որպես պետության լեգալացման ջանքեր է գործադրում, ինչը հնարավոր չէ առանց Հայաստանի դեմ 2020-ի արշավի արդյունքների ճանաչման։ Դա իր հերթին հնարավոր չէ առանց պաշտոնական Երեւանի։ Նիկոլ Փաշինյանի տարեվերջի ասուլիսը եւ ամանորի ուղերձը պատերազմի արդյունքների ճանաչման մասին են։ Թե ինչպես են Մոսկվան ու Բաքուն հասել դրան՝ էական չէ։
Երեւանի հանգուցային դերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Ընդ որում, այդ իրավիճակը՝ երբ Հայաստանի դեմ հանցագործությունների հեղինակ եռյակը՝ Մոսկվան, Անկարան եւ Բաքուն, կախվել էին Երեւանի ստորագրությունից, հնարավորություն էր տալիս հասնել բեկման՝ 1915-1923-ի իրադարձությունների, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդիրների պաշտոնական արծարծմամբ, 2020-ի արշավի հստակ գնահատականով, խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունմամբ։ Փոխարենը, Փաշինյանը հանուն իր իշխանության գնաց ռուս-թուրքական ծրագրերի սպասարկման ճանապարհով՝ չեզոքացնելով միջազգային լեգիտիմ կառույցների միջամտությունը ռուս-թուրքական «հետպատերազմյա կարգավորմանը»։ Եվ ինչ է մնում աշխարհին, քան պատերազմի արդյունքների ճանաչումը, ինչի մասին խոսում է Ալիեւը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/02/691126/