ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովին մասնակցող համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներին։ Ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ այս օրերին Երևանը հիրավի դարձել է համաշխարհային հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ գիտաժողովին մասնակցում են հոգեկան առողջության ոլորտի համաշխարհային մեծություններ, մասնագիտական տարբեր ասոցիացիաների ղեկավարներ։ Նա վստահեցրեց, որ հայ մասնագետների համար չափազանց օգտակար կլինեն նրանց հետ շփումները, նրանց փորձն ու դասախոսությունները։
Նախարարը նաև փաստեց, որ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների լուծումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար և ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նշեց, որ մասնագետների հետ մշակվել է և առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի «ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը»։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նաև դրանից բխող ծրագիրն ու ժամանակացույցը։ Այս ամենը ենթադրում է բոլորովին նոր մոտեցումներ ու մեխանիզմներ ոլորտի ֆինանսավորման, կանխարգելման ու բուժման, փորձագիտության, հիվանդների վերականգնման, կադրերի պատրաստման գործում։ Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ հատկապես հոգեկան առողջության ոլորտում նախարարությունը բավական արդյունավետ համագործակցում է հասարակության շահերը ներկայացնող հասարական ու մասնագիտական կազմակերպությունների հետ։
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Պեդրո Ռուիզին (ԱՄՆ) ընդգծեց, որ Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջազգային գիտաժողովը, ինչպես նաև նախարարի կողմից հոգեկան առողջության կարևորումն ու աջակցության պատրաստակամությունը հետագա համագործակցության բարենպաստ նախապայման են։ Նա նշեց, որ պատրաստվում են ծրագրեր իրականացնել այն տարածաշրջաններում ու երկրներում, ուր կա դրա անհրաժեշտությունը և ներքին աջակցությունը։ Պեդրո Ռուիզին առաջարկեց այդ ծրագրերի համակարգումը դնել Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանի վրա։
Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի էքս-նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) խոսեց առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական ճանաչված «Սանոֆի» կազմակերպության հետ համագործակցության, այդ թվում` Երևանում հակախարանային պիլոտային ծրագրի մասին։ Նա վստահություն հայտնեց, որ ծրագիրն արդյունավետ կլինի և երկու տարի անց այն կշարունակվի մարզերում։ Դրիսս Մուսավին նաև նշեց, որ Հայաստանում ևս սոցիալական հոգեբուժության ասոցիացիա ստեղծելու ժամանակն է, մանավանդ, որ դրա համար այստեղ մեծ ներուժ կա։ Նման առաջարկով հանդես եկավ նաև Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդին (Մեծ Բրիտանիա)։ Նշելով, որ հոգեկան առողջությունն ազգային անվտանգության և ապահովության խնդիր է, նա իր ղեկավարած կազմակերպության կողմից մասնագիտական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց հոգեկան հիվանդներին բուժումից հետո հասարակությանն ինտեգրելու գործում։
Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության նախագահ Մայքլ Քիդը (Ավստրալիա) տպավորված է ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներին նվիրված գիտաժողովից, այլև Հայաստանի` ԵՊԲՀ մասնագետների և մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների հետ հանդիպումից։ Նա առաջարկեց առողջության առաջնային օղակում աշխատողների կրթական ծրագրերում ընդգրկել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ։ Մայքլ Քիդն իր ղեկավարած կազմակերպության անունից այդ գործում աջակցության պատրաստակամություն հայտնեց։
Նախարար Դումանյանը հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև նրանց ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։
Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում այսօր, ժամը 17-00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների կողմից ստորագրվեց «Երևանյան հռչակագիրը», որով ազդարարվեց Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հետագա համատեղ ծրագրերի սկիզբը։