Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորովարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի մեկնարկը տրվել է երեկ երեկոյան ժամերգությամբ, իսկ այսօր բոլոր երեկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության կարգը։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը առավոտյան բերվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այսօր թեմի երկու՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը:


Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ալյուր դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի միջով կանցնի Սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։