Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` պահանջելով կանխարգելել երկրի դեմ հնարավոր ռազմական ագրեսիան: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Սիրիայի կառավարությունը կոչ է անում գլխավոր քարտուղարին իր վրա պատասխանատվություն վերցնել և ջանքեր գործադրել Սիրիայի նկատմամբ յուրաքանչյուր ագրեսիայի դրսևորումը կանխարգելելու համար և օժանդակել ճգնաժամային վիճակի քաղաքական լուծմանը»,- իր նամակում նշել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները ուրբաթ օրը հրապարակել էին հետախուզական տվյալների հաշվետվության համառոտ տարբերակը, որտեղ Սիրիայի կառավարության վրա է դնում Դամասկոսում օգոստոսի 21-ին քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունը:
Համաձայն Ամերիկայի, քիմիական զենքի օգտագործման ժամանակ մահացել է առնվազն 1,429 սիրիացի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը օրենսդիրներին էր ուղարկել ռազմական գործողությունների հաստատման փաստացի հարցում: Ընդ որում ամերիկացի սենատորները ցանկանում են որոշակի փոփոխություններ մտցնել Սպիտակ Տան կողմից առաջարկած սիրիական ռեժիմի դեմ ռազմական գործողություններ թույլատրելու որոշման նախագծի մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պատրիկ Լիխին:
Նրա խոսքերով օրենսդիրները կարծում են, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկությունները հստակություն թերություն ունեն:

Միաժամանակ ոչ բոլոր պետություններն են կողմնակից Սիրիայում ռազմական գործողությունների սկսվելուն: Մասնավորապես Չինաստանը համարում է, որ անհրաժեշտ է խուսափել մինչև ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ վաղաժամ եզրակացություններից և լուրջ կերպով անհանգստացած է Սիրիայի նկատմամբ հնարավոր միակողմանի ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը: Նա նաև ավելացրել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է սիրիական համակարտության յուրաքանչյուր կողմից քիմիական զենքի օգտագործմանը: 

Գերմանիան չի մասնակցի ռազմական գործողություններին, որոնք կարող է սկսել ԱՄՆ-ն Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման հետ կապված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը:
«Ոչ, Գերմանիան չի մասնակցի: Գերմանիան կարող է մասնակցել, միայն եթե գոյություն ունի ՆԱՏՕ-ի , ՄԱԿ-ի կամ այլ եվրոպական մանդատ»,- նշել է Մերկելը:

 

Իսկ դրանից ավելի վաղ հրաժարվել էր ռազմական գործողություններին մասնակցել նաև Մեծ Բրիտանիան: 

Բացի վերոնշյալ պետություններից ռազմական գործողություններին կտրականապես դեմ են նաև Ռուսաստանը և Իրանը: