Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Կուլեբայի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելու ջանքեր գործադրել։ Դմիտրի Կուլեբան նշել է, որ Չինաստանը հեռավորություն է պահում Պուտինի՝ ռուսական բանակի զսպող ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերելու որոշումից։
Կուլեբան իզուր չի զանգել Պեկին՝ կարծիք կա, որ Ռուսաստանը վերածվում է Չինաստանի պրոքսիի Արևմուտքի դեմ պայքարում՝ մեծացնելով իր կախվածությունը Պեկինից։ Ուկրաինական պատերազմն ավելի հաճախ են սկսում անվանել Չինաստանի և Արևմուտքի միջև «համաձայնություն» գտնելու առիթ կամ նույնիսկ փորձ։
Չինական China.org.cn պետական գործակալությունը գրում է, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը կտրուկ փոխվել է, ուկրաինական հարցը կարող է դառնալ երկարաժամկետ և բարդ»։
Կողմերը պետք է իրականացնեն անցած նոյեմբերին Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ձեռք բերած հիմնական կոնսենսուսը, որպեսզի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները հնարավորինս շուտ զարգացման ճիշտ ուղու վրա դնեն: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի անդամ Վան Ին՝ կոչ անելով ամերիկյան կողմին հավատարիմ մնալ մեկ Չինաստան սկզբունքին (նկատի ունի Թայվանի խնդիրը․ խմբ) և ամրապնդել երկկողմ հարաբերությունների քաղաքական հիմքերը։
Նախարարի խոսքով, երկու կողմերը, լինելով խոշոր երկրներ, պետք է կատարեն իրենց պարտավորությունները և միջազգային հանրության համար էլ ավելի շատ հանրային բարիքներ ստեղծեն։
Միևնույն ժամանակ, Չինաստանի կողմից իրանական նավթի գնումները ռեկորդային մակարդակի են հասել վերջին ամիսներին՝ գերազանցելով 2017 թվականի պիկը, երբ առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների տակ չէր մտնում: Ռուս փորձագետները նշում են, որ Չինաստանը լատենտ միացել է պատժամիջոցներին և դադարեցրել տանկերներով ռուսական նավթի գնումները։ Չնայած այն բանին, որ փետրվարի 28-ին Չինաստանը դեմ էր արտահայտվում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին։