Այս շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոստովանել է, որ «մարտի սկզբից Արցախում պարբերաբար հրադադարի խախտումներ են տեղի ունենում»։ Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել։


Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում «հրադադարի պարբերաբար խախտումների» փաստը, սակայն չնշելով դրանց մեղավորին։ Բացի այդ, հրադադարի եռակողմ հայտարարությունը Մոսկվայի ու Բաքվի կողմից բազմիցս խախտվել է դրա կնքումից անմիջապես հետո, սակայն ամեն անգամ Ռուսաստանը պնդել է դրա «անվերապահ կատարումը»։

Մարիա Զախարովան այս անգամ նման կոչ չի արել, ինչը կարող է պայմանավորված լինել իրավիճակի փոփոխությամբ։ Դա հատկանշական է այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ Ռուսաստանը Արցախում իր ռազմական կոնտինգենտից և Գյումրիի բազայից ստորաբաժանումներ է տեղափոխում Ուկրաինա։

Ուկրաինայում պատերազմն արագացնում է Կովկասից հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Դա իր հերթին նշանակում «եռակողմ հայտարարության» ավարտը։

Այս ֆոնին, տարածաշրջանում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Անթալիայում՝ Լավրովի աչալուրջ հայացքի ներքո, անցկացվեցին հայ-թուրքական բանակցություններ, որից հետո Միրզոյանը հայտարարեց, որ հայ հասարակության մեծ մասը համաձայն է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ «առանց նախապայմանների»։ Իր հերթին, Բաքուն հրապարակեց իր նախապայմանները՝ Հայաստանին ներկայացնելով հինգ կետից բաղկացած վերջնագիր, որի էությունը 2020 թվականի պատերազմի արդյունքների, Թուրքիայի և Ադրբեջանի «ամբողջականության» ճանաչումն է, այդ թվում՝ Արցախի և Նախիջևանի (որը 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ ժամանակավոր փոխանցված Բաքվի պրոտեկտորատին) Բաքվին պատկանելությունը։


Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով կազմակերպել բանակցություններ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ և քննարկել բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցեր։ Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը։ Ճիշտ է, չի ասվում, թե ինչպես պետք է գործի համանախագահությունը ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի միջազգային մեկուսացման պայմաններում։ Մյուս կողմից, Մինսկի խումբը կարող է դառնալ վերջին հարթակը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են հավասար հիմունքներով շփվել։ Ռուսաստանն արդեն հեռացվել է Եվրախորհրդից, քննարկվում է Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից զրկելու հնարավորությունը։

Ակնհայտ է, որ Հայաստանը «եռակողմ» ձևաչափում որևէ սուբյեկտություն չունի։ Չնայած այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարությունը, ինչպես խոստովանում է Զախարովան, պարբերաբար խախտվում է, Երևանն ու Ստեփանակերտը կասկածի տակ չեն դրել այն։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունվել է ուժի սպառնալիքի տակ եւ դրանով իսկ անվավեր է։ Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձն անխուսափելիորեն շոշափելու է բազմաթիվ հանգամանքներ, որոնք կապված են այդ հայտարարության հետ, այդ թվում՝ խաղաղապահների հարցը։

Զախարովայի հայտարարությունը հուշում է, որ եռակողմ հայտարարությունը սպառվել է։ Ռուսաստանը նախընտրում է, որ իր հեռանալուց հետո իր տեղը «զբաղեցնի» ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Թուրքիան, որի հետ միշտ կարելի է պայմանավորվել Հայաստանի հարցով։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/19/705638/