Ռուսաստանի հետագա վարքագիծը Կովկասում կախված կլինի ուկրաինական ուղղությամբ իրավիճակի զարգացումից, կարծում է Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ, հայ մամուլի հաճախակի հյուր եւ հայ մամուլի հռչակած «հայամետ ականավոր փորձագետ» Ստանիսլավ Տարասովը։ «Առայժմ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների փաստ, իսկ եթե կուզեք՝ Հայաստանի դավաճանությունը Ռուսաստանին», ասել է Տարասովը։


«Դե թող Փաշինյանը ստորագրի (համաձայնագիր Ադրբեջանի հետ). Ո՞վ է նրան խանգարում։ Թող գնա Բաքու ստորագրի։ Նա փորձում է խաղալ, փորձում է բոլորին խառնաշփոթի մեջ գցել և իր կեղտը քսել բոլորի վրա: Դե արա», ասել է սովորաբար իր արտահայտություններում զուսպ փորձագետը:

Միաժամանակ նա ասել է, որ Մոսկվան երբեք դեմ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Պարզապես Մոսկվայում տպավորություն է ձեւավորվում, որ հայերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւս կապ չունեն Ղարաբաղի հետ… Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղի հայերին։ Նա կպաշտպանի նրանց մինչև վերջ: Բայց նա այդ հարցերը կորոշի ոչ թե Երեւանի, այլ Բաքվի հետ», զգուշացրել է ռուս փորձագետը։

Մոսկվան դժվար թե հրաժարվի իր ծրագրերից, և դրա համար պատրաստ է ամեն ինչի։ Տարասովը նշել է, որ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող հաղորդակցությունների խզման իրական վտանգ կա։ Այսինքն, եթե հայերն անհնազանդություն ցուցաբերեն, Մոսկվան կարող է պարզապես փակել Լաչինի միջանցքը։

Ինչո՞վ է պայմանավորված նման հիստերիան, առավել եւս, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Մոսկվայի այդքան փափագած պայմանագիրը։

«Երբ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ շփվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով հանդես է գալիս որպես միջնորդ, անոմալիա է առաջանում», ասում է Տարասովը։ «Մենք հայտնվեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն սայլում։ Ալիևը չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Մոսկվան նույնպես չի ճանաչում, բայց իր պատճառներով։ Երեւանը մնում է Փարիզի եւ ԱՄՆ-ի հետ։ Հիմա թող լուծեն ԼՂ խնդիրը։ Թեև ի՞նչ կա որոշելու, երբ ամեն ինչ արդեն որոշված ​​է։ Ուղղակի Ադրբեջանին են հանձնել, եւ վերջ», պարզաբանել է Տարասովը։


Տարասովի ելույթը հիշեցնում է «Ադամանդե ձեռքը» ֆիլմի դրվագը՝ «Շեֆ, ամեն ինչ կորած է, հաճախորդը պլստաց»։ Երկար տարիներ Մոսկվայում և Երևանում փորձագետների մի ամբողջ խումբ աշխատում էր, որպեսզի «հաճախորդը չպլստա», և Մոսկվան որոշի ամեն ինչ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի հարցերով Կրեմլի մշակումներին մասնակից եւ ինչ որ պահից Բաքվին ծառայության անցած Տարասովն իր «տեսությունները» կառուցում էր թուրքերի դիրքերից եւ «Ռուսաստանի ստիպվածության» թեզերով։ Ուկրաինայի իրադարձությունները սակայն շատ բան են փոխել եւ շատ բան են հասկանալի դարձրել, եւ հիմա նա անցել է «Հայաստանի դավաճանությանը»։ Ուրիշ ի՞նչ կերպ արդարացնել Ռուսաստանի քաղաքական ձախողումը, քաղաքականություն, որի մշակումների մասնակիցներից մեկն էլ ինքն է։

Կովկասի վիճակն այլեւս կախված չէ Ռուսաստանից այն պահից, երբ Հայաստանի դեմ սանձազերծվեց ռուս-թուրքական համատեղ օպերացիան Արցախում եւ համատեղ «սիներգիան ու կարգավորումը»։ Ռուսաստանի քաղաքական ձախողումը սկսեց այդտեղից, եւ դա ակնհայտ է դարձել բոլորի համար։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/20/712336/