Հայաստանում այս տարի տեղական արտադրության պարենամթերքների գները կշարունակեն բարձրանալ։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։
Դա, ըստ նրա, կապված է ծառայությունների, պարարտանյութերի, դիզվառելիքի, թունաքիմիկատների գների բարձրացման հետ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում են գները բարձրանալու՝ իշխանություններին կոչ անելով ներքին ռեսուրսների մոիբիլիզացման հաշվին (գյուղատնտեսական հողերի 50 տոկոսը չի օգտագործվում) ավելացնել ցորենի, ձեթի եւ շաքարի պաշարները։
Պետրոսյանն ավելացրել է, որ լրջագույն խնդիր է մնում պարենային ցորենով ինքնապահովման հարցը։ «Եթե 2000-ականների կեսերին ցորենի ցանքսի մակերեսները 129 հազար հեկտար էին, ապա այսօր այդ ցուցանիշները կրճատվել են 2,5 անգամ եւ կազմում են 58 հազար հեկտար։ Այս տարի ցուցանիշներն ավելի ցածր են լինելու։ Եթե մի քանի տարի առաջ ինքնապահովման մակարդակը հասնում էր 65 տոկոսի, ապա այսօր ցուցանիշը 25 տոկոսից ցածր է։ Սա անթույլատրելի է։ Նկատվում է գարնանացան ցորենի կրճատման միտում։ Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել ժամանակին սերմացու մատակարարելու հարցում։ Ընդհանրապես, անհրաժեշտ է լրջորեն զբաղվել սեփական սերմերի արտադրությամբ, լուծել պարարտանյութերի մատակարարման խնդիրները»,- ասել է նախկին պաշտոնյան։
Նրա գնահատմամբ՝ երկրում կարտոֆիլի պակաս չի լինի։ Ավելին, բերքի զգալի մասը կարտահանվի։ Լավ բերք կարելի է սպասել նաեւ խաղողի եւ բանջարեղենների արտադրության ոլորտներում։ «Ինչ վերաբերում է ծիրանին, ապա բերքը միջին ցուցանիշների չափով է լինելու, որոշակի մասը կարելի է դուրս տանել։ Նույնը վերաբերում է դեղձին եւ այլ պտուղներին։ Կարտոֆիլի, խաղողի, մի շարք բանջարեղենների մասով ինքնապահովման մակարդակը Հայաստանում 100 տոկոս է։ Ինքնապահովման բարձր մակարդակ է նկատվում ոչխարի մսի մասով, ինչը կապված է նաեւ բնակչության գնողունակության ցածր մակարդակի հետ»,- նշել է նա։
Գառնիկ Պետրոսյանը հիշեցրել է, որ մարտահրավերներն անասնաբուծության ոլորոտւմ դեռեւս հաղթահարված չեն։ «Հետպատերազմական շրջանում առաջացած խնդիրները մնում են չլուծված։ Ոչ մի կերպ չի լուծվում լուրջ խնդիրը՝ կապված կենդանիների կերերի ապահովման հետ, ինչը հանգեցնում է անասունների գլխաքանակի կրճատման, ինչպես նաեւ կաթի եւ մսի արտադրողականության նվազման»,- ասել է փորձագետը։