Նախագահից մինչեւ օջախի գլխավոր տղան՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում անասելի զեղումներ են հայ-ռուսական եղբայրության եւ այն ավելի խորացնելու մաղթանքներով։ Շուտով այդ եղբայրության հերթական քարն է տեղադրվելու Երեւանում, ռուսերենի անվճար կուրսերը ընդլայնվում են, Ռուսաց եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը թեմ է բացել Երեւանում՝ հայերին դարձի բերելու անթաքույց մտադրություններով։ Ովքեր էլ դարձի չգան՝ որպես «միաբնակ աղանդավորների» Երասխ-Հորադիզ-Բաքու գնացքով կուղարկեն Ռուսաստան՝ դատարկվող երկրի խորքերը։
Միջին վիճակագրական հայը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում «բալետ է անում» ռուսներին՝ բա լավ ա, որ խախոլները թուրքերի կողմից էին, եւ հավատացած է ռուսների հաղթանակին․ ռուսը մեղավոր չի, ռուսը չի կարող պարտվել։ Ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի։ Քաղդասի, մամուլի, փորձա-վերլուծաբանների գերակշիռ մասը նույն գծի վրա է ու լայնորեն շահագործում է կենցաղային պատկերացումները։ Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման դեմ հռչակված շարժումը հավատարմություն է հայտնում եռակողմ հայտարարությանը, որը հենց Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման մասին է։
Որքան մոտենում է հանգուցալուծման պահը, այնքան ավելի են սրվում զեղումները։ Ռուսների նպատակն անկասկած միայն 2020-ի արշավի ծանր նստվածքը մեղմելը եւ կորուստներին համակերպելը չէ։ Հայերը պետք է մնան ռուսական քաղաքականության «հարմար զոհի» վիճակում, ինչին ծառայում են քպ-ական իշխանությունն իր «խաղաղ դարաշրջանով», ռուսանպաստ ագենտուրան եւ մամուլը՝ ռուսների հրամցրած կաղապարներով։
Առաջիկա ամիսներին հնարավոր են իրադարձություններ, երբ Մոսկվային կրկին անհրաժեշտ է լինելու հայերի զոհաբերությունը՝ Կովկասից աստիճանական նահանջի պլանների իրագործման համար։ Հայերին ռուսական հոգեբանական թակարդում թուրքական վերահսկողությամբ պահելու խնդիրը լուծվում է Հայաստանի ներկայիս ներքին «դիմակայությամբ»: