«Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառը ԱՄՆ-ում մեկ հարկի տակ կմիավորի հայաստաբնակ և ամերիկաբնակ հայ արտադրողներին, որոնք բացառիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կողմից ստեղծված արտադրանքը, մեծացնելու տարածման շրջանակը և ավելացնելու արտադրանքի վաճառքը։
ԱՄՆ-ում սուրբ ծննդյան տոները միշտ են առանձնացել յուրահատուկ տրամադրությամբ և աշխուժությամբ։ Տոներին ընդառաջ հարազատների համար նվերներ գնելու հաճելի գործընթացն այս տարի կարող է ավելի դուրեկան դառնալ, քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում համախմբվելու են բազմաթիվ հայ արտադրողներ՝ ստեղծելով ամենաջերմ հայկական մթնոլորտը։
«Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամն արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպում են այսպիսի ցուցահանդես վաճառքի միջոցառում։ Նախորդ տարիներին արձանագրված հաջողությունները ոգեշնչել են կազմակերպություններին ավելի մեծ նվիրումով կատարելու իրենց առաքելությունը։
Կազմակերպիչներն ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։
Yelaket.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ այս տարվա մասնակցության աշխուժությունն աննախադեպ է եղել և տոնավաճառին մասնակցելու արդեն տասնյակ հայտեր են ստացվել, ուստի, նրանք, որոնք ցանկանում են մաս կազմել միջոցառմանը պետք է շտապեն։ Ելակետ լրատվական գործակալությունը պարբերաբար տեղեկություններ կներկայացնի տոնավաճառի նախապատրաստական աշխատանքների և ամբողջ ընթացքի մասին։ «Ամանորի սպասումով» տոնավաճառի նպատակներից է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և հայկական արտադրանքի համար նոր արտահանման հնարավորությունների ստեղծմանը, ինչը կարևոր առաքելություն է։
Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը (https://buyarmenian.com) իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։ «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։