95 երկրներում բնակվող մոտ մեկ միլիարդ չափահաս մարդ հավատում է «չար աչքին» եւ վհուկներին, ովքեր կարող են «անեծքներ տալ կամ հմայել»:

Ուսումնասիրությունը, գնահատելով 95 շրջաններում բնակվող 140 հազար մարդկանց հարցումները, պարզել է, որ հարցվածների միջինը 40 տոկոսը հավատում է կախարդությանը: «Թույլ ինստիտուտներ» ունեցող երկրներում ապրող մարդիկ ավելի հաճախ են հավատել կախարդությանը:


Աշխարհի բնակչությունը վերջերս գերազանցել է ութ միլիարդը, եւ հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ իրենց ունեցած արդյունքները, հավանաբար, պատշաճ կերպով չեն արտացոլում կախարդության նկատմամբ հավատի ողջ մասշտաբը: Խիտ բնակեցված մի քանի երկրներ դուրս են մնացել ուսումնասիրությունից, այդ թվում՝ Հարավարեւելյան Ասիայի երկրները, Հնդկաստանը եւ Չինաստանը:

Հետազոտության ղեկավար, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության ասիստենտ Բորիս Գերշմանը «թույլ ինստիտուտներ» ասելով նկատի է ունեցել «վատ կառավարմամբ» երկրները՝ առանց սոցիալական ապահովության լայն ցանցերի, որոնք «մեկուսացնում են համայնքի անդամներին իրենց կենսապայմանների անբարենպաստ ցնցումներից»:

Գերշմանը Newsweek-ին ասել է, որ տարբեր երկրներում համոզմունքները շատ տարբեր են. «Իմ հետազոտության կարեւոր բացահայտումներից մեկն այն է, որ կախարդության վերաբերյալ հավատալիքները զգալիորեն ավելի տարածված են թույլ ինստիտուտներ ունեցող երկրներում: Պատմականորեն, կախարդության հավատալիքների հիմնական սոցիալական գործառույթներից մեկը եղել է սոցիալական համախմբվածության ապահովումը եւ կարգուկանոնի պահպանումն այն հասարակություններում, որոնք դրա համար այլընտրանքային մեխանիզմներ չեն ունեցել»:

Որոշ երկրներում դեռեւս տարածված են կախարդության վտանգավոր հավատալիքները: Գանայում, օրինակ, կանայք դեռ հաճախ են մեղադրվում կախարդության մեջ եւ արդյունքում սարսափելի պատիժների են ենթարկվում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ «արեւմտյան» երկրներում հավատալիքները շատ ավելի քիչ են տարածված: Օրինակ՝ ԱՄՆ-ի բնակիչների միայն 16,5%-ն է ասել, որ հավատում է կախարդությանը: