Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին այնքան պայթյունավտանգ հարց է, որ ՆԱՏՕ-ի գծով շատ դաշնակիցներ ջանում են անգամ չխոսել այդ մասին, գրել է Politico-ն։
Երբ սեպտեմբերին Ուկրաինան ռազմական դաշինքին միանալու արագացված գործընթաց խնդրեց, ՆԱՏՕ-ն հրապարակայնորեն հաստատեց բաց դռների իր քաղաքականությունը, բայց կոնկրետ պատասխան չտվեց։ Իսկ անցած շաբաթ, ՆԱՏՕ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, նրանց ամփոփիչ հայտարարությունը պարզապես մատնանշում էր 2008թ. ոչ հստակ խոստումն այն մասին, որ Ուկրաինան երբեւէ կմիանա այդ ակումբին։ Չէին հիշատակվել Ուկրաինայի վերջերս արած հարցապնդումը, որեւէ կոնկրետ քայլեր կամ ժամկետներ։
Պատճառները բազմազան են։ ՆԱՏՕ-ն համակարծիք չէ այն հարցում, թե ինչպես, երբ (իսկ որոշ դեպքերում՝ անգամ եթե) Ուկրաինան պետք է միանա։ Մեծ մայրաքաղաքները նաեւ չեն ցանկանում այսուհետ եւս հրահրել Կրեմլին՝ իմանալով դեպի արեւելք ՆԱՏՕ ընդլայնման հանդեպ Վլադիմիր Պուտինի գերզգայուն վերաբերմունքի մասին։ Եվ որ ամենագլխավորն է՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ըստ օրենքի պահանջում է, որպեսզի դաշնակիցներն օգնության գան Ուկրաինային հարձակման դեպքում, հեռանկար, որի մասին շատերը չեն էլ ասում։
Արդյունքում՝ չնայած Եվրոպան եւ ԱՄՆ-ը թաբուն թաբուի հետեւից են հաղթահարում՝ մահասփյուռ ռազմական տեխնիկայի ահռելի քանակություն ուղարկելով Կիեւ, երբեւէ անպատկերացնելի պատժամիջոցների ենթարկելով Մոսկվային, հրաժարվելով ռուսական էներգետիկ ռեսուրսներից, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը մնում է միջագային քաղաքականության երրորդ ռելսը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վրդովմունք է առաջացրել հանգստյան օրերին՝ հայտարարելով, որ Արեւմուտքը պետք է դիտարկի անվտանգության երաշխիքների հարցը Ռուսաստանի համար, եթե նա վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ժեստը զայրացրել է Կիեւին եւ, ինչպես երեւում է, հակասում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Իսկ կուլիսների հետեւում իրենք՝ ուկրաինացիներն են բախվել վրդովված գործնկերների հետ այն բանից հետո, երբ հրապարակայնորեն կոչ են արել արագ լուծել անդամակցության հարցը։
«Ուկրաինայի որոշ շատ լավ բարեկամներ ավելի շատ վախենում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայցի դրական պատասխանից, քան Ուկրաինային ամենաարդիական զենք մատակարարելուց»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Կան դեռ շատ հոգեբանական պատնեշներ, որոնք մենք պետք է հաղթահարենք»,- ասել է նա POLITICO-ին վերջերս տված հարցազրույցում։ «Անդամակցության գաղափարը դրանցից մեկն է»։
«Դե-ֆակտո» դաշնակից
Ուկրաինայի ղեկավարությունը պնդում է, որ բոլոր առումներով արդեն արեւմտյան ռազմական դաշինքի անդամ է եւ, այդ կերպ, արժանի է ՆԱՏՕ-ին արագ պաշտոնական անդամակցությանը։
«Մենք դե-ֆակտո դաշնակիցներ ենք»,- սեպտեմբերին ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով «արագացված ընթացակարգով»ՆԱՏՕ-ին միանալու իր երկրի հայտի մասին։ «Մենք դե-ֆակտո ավարտել ենք մեր ճանապարհը ՆԱՏՕ-ում։ Դե-ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը դաշինքի չափորոշիչների հետ»,- ավելացրել է նա։ «Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դե-յուրե անի դա»։
Ուկրաինայի նախագահի հայտարարությունը հանկարծակիի է բերել Կիեւի մերձավոր շատ գործընկերների, իսկ ոմանց շրջանում դժգոհություն է առաջացրել։
Ուվերտյուրը սպառնում էր խափանել պլանը, որի վրա, ըստ էության, կանգ էին առել դաշինքի առավել ազդեցիկ մայրաքաղաքները. հիմա՝ զենք, հետո՝ անդամակցության մասին բանակցություններ։ Նրանք կարծում էին, որ այս մոտեցումը Մոսկվային կզրկի ՆԱՏՕ-ին անմիջականորեն հակամարության մեջ ներքաշելու պատրվակից։
Անցած շաբաթ իրենց հայտարարությունում նախարարները խոստացել էին ակտիվացնել քաղաքական եւ գործնական օգնությունն Ուկրաինային՝ խուսափելով Կիեւի ապագա կարգավիճակի մասին կոնկրետ պլաններից։
Վերջին հաշվով, սակայն, քիչ դաշնակիցներ են կասկածում Ուկրաինայի անդամակցության երկարաժամկետ հեռանկարների հարցում, համենայն դեպս՝ տեսականորեն։ Տարաձայնությունները վերաբերում են այն բանին, թե երբ եւ ինչպես պետք է լուծել Կիեւի անդամակցության հարցը։ Արեւելյան մի շարք դաշնակիցներ կողմ են ավելի սերտ քաղաքական հարաբերությունների Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ եւ ցանկանում են ավելի կոնկրետ պլան, որը հող կնախապատրաստի անդամակցության համար։
«Ես կարծում եմ, որ, ըստ էության, անխուսափելի է,- ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը,- որ ՆԱՏՕ-ն պետք է գտնի Ուկրաինային ընդունելու միջոց»։
Մյուս կողմից՝ Մակրոնը ցանկանում է հաշվի առնել Մոսկվայի տեսակետը։ «Կարեւորագույն պահերից մեկը, որը մենք պետք է դիտարկենք, ինչպես միշտ ասել է նախագահ [Վլադիմիր] Պուտինը, վախն է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ կմոտենա նրա դռներին, եւ զենք կտեղակայի, որը կարող է սպառնալ Ռուսաստանին»,- ասել է Մակրոնը TF1 ֆրանսիական հեռուստաալիքին։
Մյուս դաշնակիցների մեծ մասը, ըստ էության, խուսափում է այս թեմայից՝ չհերքելով ՆԱՏՕ-ի մասին Ուկրաինայի երազանքները, բայց կրկնելով լավ մտածված գիծը ընթացիկ պատերազմի վրա կենտրոնացնելու մասին։
Ահա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի տարբերակը, որն առաջարկել է անցած շաբաթ. «Ամենաանհետաձգելի խնդիրը Ուկրաինայի գոյության ապահովումն է որպես ինքնիշխան, անկախ դեմոկրատական պետություն Եվրոպայում»։
Ահա նաեւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեքստրայի կարծիքը՝ արտահայտված նույնպես անցած շաբաթ. «Խնդիրն այստեղ այնպես անելն է, որպեսզի գլխավորը մնա գլխավոր, եւ դա օգնությունն է Ուկրաինային մարտադաշտում»։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը կրկնել է այս միտքը. «Հիմա հիմնական ուշադրությունը հատկացվում է Ուկրիանային գործնական աջակցությանը»։
Վերլուծաբանները նշում են, որ պառակտման գիծն անցնում է առաջին հերթին արեւմտաեվրոպական մայրաքաղաների, ինչպիսին են Բեռլինը եւ Փարիզը, որոնք անդամակցությունը դիտարկում են որպես գերզգայուն հարց, որից պետք է խուսափել այս պահին, եւ որոշ արեւելյան մայրաքաղաքների միջեւ, որոնք Ուկրաինայի անդամակցությունը դիտարկում են որպես նպատակ, հանուն որի դաշինքը կարող է սկսել աշխատել։
Պատերազմի սկսվելով այս խզումը միայն «խորացել» է, ասել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Բեն Շրեերը։ «Որոշ երկրներ պարզապես չեն ցանկանում անգամ խոսել այդ մասին, որովհետեւ կարծում են, որ դա կարող է էլ ավելի խստացնել Ռուսաստանի արձագանքը»։
«Եթե Ուկրաինան մնա փակուղում, ՆԱՏՕ-ին անդամակցություն չի լինի»,- ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրոպայի գծով տնօրեն Մաքս Բերգմանը։ «Բայց եթե նա իրեն վերադարձնի իր տարածքը եւ ընդունի իր սահմանները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, այդ ժամանակ, ես կարծում եմ, ամեն բան կարող է զարգանալ շատ արագ»։