ԵՄ երկրներն ավելի ու ավելի դաժան են դառնում միգրանտների եւ իրենց սահմաններում ապաստան փնտրող անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է Սահմանին բռնության մոնիտորինգի ցանցի (BVMN) զեկույցում, հայտնում է Politico-ն։
«Մենք ի վիճակի չենք ժխտել դիմակայության գոյությունը։ Մենք ունենք տեսաապացույցներ։ Մենք ունենք կադրեր, ունենք բժշկական փաստաթղթեր եւ 1000-ից ավելի ցուցմունքներ, եւ սա միայն այն տվյալներն են, որոնք մենք կարողացել ենք հավաքել»,- Եվրախորհրդարանում զեկույցի ներկայացման ժամանակ ասել է BVMN-ի ավագ քաղաքական վերլուծաբան Հոուփ Բարքերը:
Իրավապաշտպան ցանցի ակտիվիստները զրուցել են ավելի քան 700 մարդկանց հետ, որոնք փորձել են մուտք գործել ԵՄ 2021 եւ 2022 թվականներին, եւ ներկայացրել են ԵՄ սահմաններին անմարդկային պայմանների մռայլ պատկերը՝ խոսելով «բռնության աննախադեպ աճի» մասին։
2021 թվականին հարցվածների միայն 5 տոկոսն է ասել, որ Եվրոպայից վտարման ժամանակ «անհամաչափ ուժի» չի ենթարկվել կամ դրա ականատեսը չի եղել։
Ավելի քան 3000 էջում ցանցը փաստագրել է, թե «ինչպես է գրեթե 25 000 մարդ նախքան անօրինական արտաքսումը ծեծի ենթարկվել, նվաստացվել եւ կամայականորեն կալանավորվել՝ ինչպես ԵՄ արտաքին սահմաններին, այնպես էլ նրա անդամ պետությունների տարածքում»,- ասել է Բարքերը:
Եվրախորհրդարանի ձախակողմյան խմբի գերմանացի անդամ Կոռնելիա Էռնստը, որը պատվիրել է հետազոտությունը, ուղիղ պատասխանատվությունը դնում է Եվրոպական հանձնաժողովի վրա: «Հանձնաժողովը նախկինի պես անգործության է մատնված՝ առանց խախտման ընթացակարգեր սկսելու անդամ երկրների դեմ, որոնք վանում են մարդկանց եւ մերժում նրանց ապաստան ստանալու իրավունքը»:
Հեղինակները հավելում են, որ ԶԼՄ-ների ազատությունը նույնպես հարվածի տակ է։ BVMN-ի շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Միլենա Զայովիչը հայտարարել է, որ «քրեականացումը առնչվում է ոչ միայն պոտենցիալ ապաստան հայցողներին: Դա ազդում է նաեւ նրանց վրա, ովքեր հայտնում են իրենց դժվարությունների մասին»: